Վերջին 24 ժամվա ընթացքում թուրք-սիրիական սահմանի մերձակայքում գտնվող Քոբանի քրդաբանակ քաղաքում «Իսլամական պետության» ավելի քան 50 անդամներ են սպանվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, սա մեկ օրվա ընթացքում գրանցված ամենաբարձր ցուցանիշն է ավելի քան 2 ամիս շարունակվող բախումների ընթացքում: Մյուս կողմից, միջազգային դաշինքի երկրները վերջին մի քանի օրերի ընթացքում Ռակկա մարզում ԻՊ-ի դիրքերի ուղղությամբ ավելի քան 30 օդային հարվածներ են հասցրել:

 

Քրդական բեշմերգի ուժերը կասեցել են քաղաքի երեք կողմերից ԻՊ-ի հարձակումները: Քրդական ուժերն ազատագրել են Բուտան թաղամասը, որը գտնվում է քաղաքի հարավում՝ Հալեպ տանող ճանապարհի վրա: Մինչ այդ նրանք հսկողություն էին հաստատել Թուրքիայի հետ սահմանի անցման վրա: Աղբյուրի տեղեկացմամբ' Քոբանիում բախումները շարունակվում են:

 

Ավելի քան 2 ամիս շարունակվող բախումների ընթացքում ահաբեկիչների զոհերի և վիրավորների թիվը գերազանցում է 3 հազարը: 180 հազարից ավելի քրդեր ստիպված փախուստի են դիմել քաղաքից և շրջակա գյուղերից: Քաղաքը կարևոր նշանակություն ունի կազմակերպության համար, քանի որ այն գրավելու դեպքում ԻՊ-ն վերահսկողություն կհաստատի Թուրքիայի սահմանի մերձակայքում Հալեպի մարզի գրաված տարածքներից մինչև Ռակկայի մերձակայքում գտնվող Թել Աբյադ քաղաք:

 

Քոբանի քաղաքը գտնվում է Դամասկոսից 532 կմ հեռավորության վրա՝ Թուրքիայի սահմանի մերձակայքում: