ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման եւ Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հեռախոսազրույցի ընթացքում չեն բացառել Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների խստացման հնարավորությունը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Սպիտակ տան մամուլի տեղեկագրին:

 

«Ղեկավարներն այն կարծիքին են, որ Ուկրաինայի արեւելքում եւ Ղրիմում Ռուսաստանի ապակայունացնող քաղաքականությանն ի պատասխան կարող են պահանջվել լրացուցիչ գործողություններ»,- ասված է հաղորդագրության մեջ:

 

«Նրանք համաձայնության են հասել այն բանի շուրջ, որ նախքան Ռուսաստանի կողմից Մինսկի համաձայնագրով ստանձնած պարտավորությունների կատարումը, պատժամիջոցները չեն կարող թուլացվել»,- նշվում է հաղորդագրության մեջ:

 

«ԵՄ-ն եւ ԱՄՆ-ը կշարունակեն սերտորեն աշխատել թե պատժամիջոցների հարցում, թե Ուկրաինային ֆինանսական օգնություն ցուցաբերելու ուղղությամբ»,- ավելի վաղ նույն այդ հեռախոսազրույցի վերաբերյալ հաղորդել է Եվրախորհուրդը:

 

«Մենք անհանգստություն հայտնեցինք Ուկրաինայի ճգնաժամի կապակցությամբ եւ համաձայնեցինք Ուկրաինայի արեւելքից ռուսական զորքերը դուրս բերելու կարեւորության հարցում»,- նշվում է փաստաթղթում:

 

Ինչպես գրում Է «Ինտերֆաքս»-ը, ԱՄՆ-ը նաեւ չի բացառում Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների սահմանումը Իրանի հետ գործարքների համար: Այդ մասին դեկտեմբերի 2-ին հայտնել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեն Պսակին: Նրա խոսքով՝ առայժմ Վաշինգտոնը չի կարող որոշել, թե հացահատիկի դիմաց նավթի մատակարարումների շուրջ իրանա-ռուսական պայմանավորվածությունն ընկնում է արդյոք պատժամիջոցների տակ: «Եթե գործարքները հայտնվեն կիրառվող պատժամիջոցների շրջանակներում, մենք կգործենք»,- հայտարարել է Պսակին բրիֆինգի ժամանակ: