«Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձանց կողմից յուրացումներ կատարելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում մեղադրանքներ են առաջադրվել նաև ՊՈԱԿ-ի գլխավոր հաշվապահ Փ.Մարտիրոսյանին եւ կադրերի գծով տեսուչ Ա.Հովսեփյանին։

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների համաձայն՝ Փ.Մարտիրոսյանը, աշխատելով «Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ-ում՝ որպես գլխավոր հաշվապահ, օժանդակել է հաստատության տնօրենին վստահված առանձնապես խոշոր չափերով գումարի յուրացում կատարելուն։

 

Այն է՝ 2004-2014 թվականների ընթացքում հաշվարկել և պետական բյուջեից ՊՈԱԿ փոխանցված գումարներից ՊՈԱԿ-ում հրամանագրված, սակայն փաստացի աշխատանքներ չկատարող 28 աշխատակիցների անուններով ելքագրել է առանձնապես խոշոր չափերով գումար, որը յուրացվել է տնօրենի կողմից:

 

Բացի այդ, նախաքննությամբ պարզվել է, որ նա օժանդակել է նաև առանձնապես խոշոր չափերով գումարի վատնում կատարելուն, այն է' ՊՈԱԿ-ում հրամանագրված, սակայն փաստացի չաշխատող 4 աշխատակցի, այդ թվում՝ իր երկու հարազատների անվամբ հաշվարկել և ելքագրել է առանձնապես խոշոր չափերով գումար։ Ելքագրված գումարներից իր հարազատների անվամբ հաշվարկված գումարն ստացել է անձամբ, իսկ մնացած գումարը տրվել է ՊՈԱԿ-ի այլ աշխատակիցներին՝ որպես լրավճար:

 

Կադրերի գծով տեսուչ Ա.Հովսեփյանը, նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համաձայն, ՊՈԱԿ-ի տ նօրեն Գայանե Մարգարյանի հանձնարարությամբ, 2007-2014 թվականների ընթացքում, պատրաստել է համապատասխան փաստաթղթեր, որոնց հիման վրա տնօրենը հրամանագրել է ՊՈԱԿ-ում փաստացի աշխատանքներ չկատարող աշխատակիցների, որոնց անվամբ ելքագրվել է առանձնապես խոշոր չափերով գումար՝ այդպիսով օժանդակելով առանձնապես խոշոր չափերով գումարի յուրացում և վատնում կատարելուն։

 

Քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ նոյեմբերի 28-ին Փ.Մարտիրոսյանին և Ա.Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3 -րդ մասի 1-ին կետով' առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելուն օժանդակելու համար, և ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձանապես խոշոր չափերով վատնում կատարելուն օժանդակելու համար: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։

 

ՊՈԱԿ-ի տնօրեն Գայանե Մարգարյանին մեղադրանք էր առաջադրվել նոյեմբերի 27-ին և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
Նախաքննությունը շարունակվում է։

 

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմե ղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով: