Անտառների վերականգնումը և էկոհամակարգերի պահպանությունը կարևոր խնդիրներ են Հայաստանի համար: Այդ նպատակով արդեն իսկ Հրազդանում ստեղծվել են տնկարաններ, որտեղ աճեցվում է 250 հազար ծառ' հետագայում անտառները համալրելու համար:

 

Այս մասին Գերմանական զարգացման միջազգային ընկերության կազմակերպած «Հայաստանում անտառների կայուն կառավարում» խորագիրը կրող աշխատաժողովի ժամանակ ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը' հավելելով, որ անտառների պահպանության և վերարտադրության հետ կապված խնդիրները գտնվում են պետական հոգածության ներքո, քանի որ ունեն հատուկ նշանակություն:

 

«Այս ծրագրի հենց սկզբից մենք հզորացրել ենք մոնիթորինգային ծառայությունները, որպեսզի ամբողջ անտառտնտեսությունների վերաբերյալ համապատասխան դիտարկումներ կազմակերպվեն և ներկայացվեն գոյություն ունեցող խնդիրները: Վերջին երկու տարվա ընթացքում տեղեկատվական համակարգի հետ կապված լուրջ առաջընթաց ունենք: Դրա նպատակն այն է, որ անտառի վերաբերյալ ողջ տեղեկատվությունը հավաքվի մի տեղում և հասանելի լինի շահագրգիռ մարմիններին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ' ասաց նախարարը:

 

Հայաստանում Գերմանիայի Դաշնային հանրապետության փոխդեսպան Նատալի Լիխթենբերգերն ընդգծեց, որ անտառտնտեսություններում Հայաստանի գրանցած զարգացումները խոստումնալից են, և լավ է այն, որ Հայաստանն ավելի կոշտ մոտեցում ունի անտառահատումների հարցում: «Անտառների կառավարումը կենսաբազմազանության բաղադրիչներից է, և ողջունելի է, որ Հայաստանը մեծ ուշադրություն է դարձնում այս հարցին:

 

Գերմանական կառավարության կողմից վերջին մի քանի տարիներին շուրջ 18.7 մլն եվրո ֆինանսավորում է տրամադրվել Հար ավային Կովկասի երկրներում կենսաբազմազանության համար: Արդեն ակնհայտ է, որ կանաչ տնտեսության ներդրման և բնապահպանական կառավարման ոլորտում լուրջ առաջընթաց կա»,- ասաց նա: Գերմանիայի փոխդեսպանը Հայաստանի գյուղատնտեսության նախարարությանը և «Հայանտառ» ՊՈԱԿ-ին հանձնեց նաև իրենց կատարած ուսումնասիրության արդյունքները, որոնք վերաբերում են անտառտնտեսություններին և պերունակում են ամբողջական տեղեկատվություն Հայաստանի անտառների մասին:

 

Ոլորտի կառույցներին տրամադրվեցին նաև 27 համակարգիչ, որոնք կօգնեն արագացնել տեղեկատվության մշակումը, և 2 ավտոմեքենա, տեղաշարժերն ավելի արագ կազմակերպելու համար:

 

Հայաստանում անտառները և անտառային հողերը կազմում են հանրապետության տարածքի շուրջ 11 տոկոսը' 459.9 հազ. հա, որից 334.1 հազ. հա-ն անտառածածկ տարածքներ են, այդ թվում 283.6 հազ. հա-ն' բնական անտառներ, իսկ 51.5 հազ. հա-ն' արհեստական: