Ադրբեջանցի քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն, անդրադառնալով օրերս Բաթումում անցկացված Եվրամիության քաղաքացիական հասարակության ֆորումում ադրբեջանական պատվիրակության թույլ տված խայտառակ գործողություններին, հայտարարել է, որ «այդ խայտառակությունը Ադրբեջանի գլխին երկու ձեռքով հասցված ապտակ էր»:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ճանաչված ադրբեջանցի քաղաքագետն այս մասին հայտարարել է moderator.az-ին տված հարցազրույցում:

 

«Այդտեղ մենք մեզ խայատառակեցինք ամբողջ աշխարհով մեկ», -ասել է Ալիզադեն: Նա ցավ է հայտնել, որ Ադրբեջանը քաղաքացիական հասարակության անունից Բաթում էր ուղարկել «մի խումբ իշխանամետ տխմարների»:

 

«Բաթումյան խայտառակությունը Ադրբեջանի գլխին երկու ձեռքով հասցված ապտակ էր: Մենք մեզ խայտառակեցինք ամբողջ աշխարհով մեկ: Այնտեղ Ադրբեջանի քաղաքացիական հասարակության անունից մի խումբ տխմար էր մեկնել: Լավ է, որ թեկուզ վերջին պահին, մի քանի մարդ կարողացան կանխել այդ խայտառակությունը: Կատարվածը մեկ անգամ եւս ցույց տվեց, որ երբեք չի կարելի է տգետ, տխմար եւ անմակարդակ մարդկանց թույլ տալ մտնել դիվանագիտության ու քաղաքացիական հասարակության բնագավառներ»:

 

Բաթումում Արեւելյան գործընկերության ծրագրի շրջանակում նոյեմբերի 20-անցկացված Քաղաքացիական հասարակության ֆորումում սկանդալ է տեղի ունեցել. պոկել են չեխական People in Need կազմակերպության կողմից կախված պլակատը, որը քննադատություն է բովանդակել Ադրբեջանի եւ նրա նախագահ Իլհամ Ալիեւի հասցեին:

 

Պլակատը, որը Ալիեւի լուսանկարներով գրավոր հայտարարություն էր Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների, իրավապաշտպանների ձերբակալության, Ալիեւի կողմից անկախ ոչ կառավարական կազմակերպությունների գործունեությունը սահմանափակելու մասին օրենք ստորագրվելու մասին, պոկել է ադրբեջանական պատվիրակության անդամ Սալիմ Բաբաեւը, որից հետո Չեխիայի ներկայացուցիչները ոստիկանություն են հրավիրել:

 

Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել են, որ սկանդալի հեղինակը ֆորումին մասնակից «Ենի Մուսավաթ» թերթի գլխավոր խմբագիր Ռաուֆ Արիֆօղլուն է եղել, ով գործել է իշխանությունների ցուցումով: Ադրբեջանական պատվիրակությունը հրաժարվել է մասնակցել ֆորումի աշխատանքներին: Նրանց ներկայացուցիչները հայտարարել են, որ մարդու իրավունքները խախտվում են նաեւ մյուս երկրներում, սակայն կախվել են հենց Ադրբեջանին քննադատող լուսանկարներ: