Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը դոլարի փոխարժեքի աճը և դրամի արժեզրկումը սպեկուլյացիայի հետևանք է համարում: Ազգային Ժողովում լրագրողների հետ զրույցում Կարեն Ճշմարիտյանը հիշեցրեց, որ ՀՀ ԿԲ-ն արդեն կոչ է արել զերծ մնալ սպեկուլյացիաներից:

 

«Ինչ-որ մեկը շատ է առնում, քիչ է վաճառում, կամ ինչ-որ գործողություն են անում: Կենտրոնական բանկի երեկվա հայտարարությունը կոչ է անում, որ սպեկուլյատիվ երևույթներից չօգտվեն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց նախարարը:

 

Ճշմարիտյանի խոսքով' դոլարի արժեվորումը միգուցե գնաճի վրա ազդեցություն ունեցել է, բայց տնտեսությունում առկա ցուցանիշները, իրավիճակն այնպիսին չեն, որ մեկ օրվա մեջ այսպիսի տատանումներ լինեին: «Դա, համենայնդեպս, տնտեսական իրավիճակի արդյունք չէ: Ես կարծում եմ՝ կկարգավորվի: Համենայնդեպս, մեր ունեցած օրենսդրական և վարչական գործիքները, որ ունի Կենտրոնական բանկը, կարող են կարճ ժամանակում կարգավորել իրավիճակը»,- ասաց նա:

 

Հարցին, թե կառավարությունը կանխատեսո՞ւմ էր այս իրավիճակը, Կարեն Ճշմարիտյանը պատասխանեց. «Սպեկուլյատիվ երևույթները հնարավոր չէ կանխատեսել»: