«Նման խոստում չի եղել, մենք հնարավորության սահմաններում փորձելու ենք անպայման օգտակար լինել և այսօր վճարելու ենք նոյեմբերի ու դեկտեմբերի աշխատավարձերը»,- այսօր Ազգային ժողովում՝ լրագրողների հետ ճեպազրույցում, ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ անդրադառնալով «Նաիրիտ» գործարանի աշխատողների աշխատավարձերի խնդրին:

 

«Ես դեմ եմ, որ չաշխատող գործարանի տնօրենն ստանա երկու միլիոն վեց հարյուր հազար դրամ աշխատավարձ, փոխտնօրենը՝ երկու միլիոն երեք հարյուր հազար դրամ, ես դեմ եմ նման պահվածքին: Տնօրենների խորհուրդը դա պետք է վերանայի»,- ասաց նա:

 

Վերջինիս խոսքով՝ չորս տարի է, որ այդ գործարանը չի աշխատում, և հիմա առաջարկում են մարել մի աշխատավարձի պարտք, որը կուտակվել է անհիմն:

 

Խոսելով գործարանն աշխատեցնելու մասին՝ Հովիկ Աբրահամյանն ասաց՝ խնդրել են Համաշխարհային բանկին, որ հրավիրեն մասնագետների, փորձագետների և տան առաջարկներ: Մինչև մարտ ամիս այդ առաջարկը կլինի, ու «Նաիրիտի» ճակատագիրն էլ այդ ժամանակ կորոշվի: «Եթե հնարավորություն կլինի աշխատեցնելու, կառավարությունը կաջակցի այդ գործընթացը»,- նշեց նա: