Ադրբեջանական մամուլում թշնամության և ատելության լեզվի տարրեր պարունակող հրապարակումների մեջ առաջին տեղում էթնիկական խմբերին վերաբերող հրապարակումներն են, որոնց մեծ մասը՝ 54.7 տոկոսը, վերաբերում է հայերին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ դեկտեմբերի 4-ին կայացած հանդիպմանը հայտնեց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը՝ ներկայացնելով Հարավային Կովկասի երկրների մամուլում ատելության լեզվի վերաբերյալ հետազոտության արդյունքները։

 

«Հատկանշական է, որ մեր նկատմամբ ատելություն պարունակող նյութերի մեծ մասը Ադրբեջանում հրապարակվում է տպագիր մամուլով, ավելի քիչ՝ օնլայն լրատվամիջոցներով և հեռուստատեսություններով»,-ասաց նա և հավելեց, որ ատելության տարրեր պարունակող նյութերի երկրորդ տեղում ներքին քաղաքական կյանքին վերաբերող նյութերն են, որոնցում ընդդիմադիր կառույցները իրար նկատմամբ ոչ հաճելի արտահայտություններ են թույլ տալիս։

 

Նա ասաց նաև, որ ադրբեջանական զանգվածային լրատվական միջոցներում թշնամական նյութերի քանակով երրորդ տեղը զբաղեցնում են միջազգային կառույցները՝ ԵԽԽՎ-ն, ԵԱՀԿ-ն, Եվրախորհրդարանը։ «Հետաքրքիր է, որ Ադրբեջանում ԶԼՄ-ներն ավելի շատ քննադատում են Ռուսաստանին, հետո նոր միայն Հայաստանին, իսկ վերը նշված միջազգային կառույցներին իրենք քննադատում են ժողովրդավարության և մարդու իրավունքների ոտնահարումների վերաբերյալ նրանց զեկույցների պատճառով՝ համարելով, որ դրա մեղավորն առաջին հերթին հայկական լոբբինգն է, որն ազդում է այդ կառույցների կարծիքի վրա»,- ընդգծեց նա։

 

Հայաստանում հիմնական թշնամական հրապարակումները վերաբերում են ներքին քաղաքական կյանքին, որոնք կազմում են այդ տիպի հրապարակումների մոտ 60 տոկոսը։ «Մեկ ուշագրավ դիտարկում. այն լրատվամիջոցները, որոնք հիմնականում չեն քննադատում իշխանությանը, ապա ընդդիմադիր քառյակից չեն քննադատում միայն «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, իսկ եթե հայկական ԶԼՄ-ները քննադատում են իշխանությանը, ապա ԲՀԿ-ն ավելի շատ է արժանանում ագրեսիվ լուսաբանման, քան ՀԱԿ-ը և «Ժառանգություն» կուսակցությունները», -նշեց Բորիս Նավասարդյանը։

 

Թշնամական հրապարակումների երկրորդ տեղում էթնիկական խմբերին՝ ադրբեջանցիներին և թուրքերին վերաբերող նյութերն են, որոնք կազմում են այդ տիպի հրապարակումների մոտ 20 տոկոսը: «Ամենաշատը թշնամական լեզուն օգտագործում է «Голос Армении» ռուսալեզու տպագիր թերթը, իսկ ընդհանրապես չի օգտագործել lragir.am օնլայն լրատվական կայքը»,- ասաց բանախոսը և հավելեց, որ ատելության տարրեր պարունակող նյութերի երրորդ հորիզոնականը հայկական ԶԼՄ-երում զբաղեցնում է միջազգային ուղղվածությունը՝ Ադրբեջանի և Թուրքիայի ներքին և արտաքին կյանքը լուսաբանող ագրեսիվ հրապարակումները։

 

Վրաստանում ներքին քաղաքական իրադարձություները լուսաբանող ատելության տարրեր պարունակող նյութերը, ինչպես Հայաստանում, առաջին տեղում են, որոնք վերաբերում են հիմնականում նախկին վարչակարգի քննադատությանը՝ հատկապես Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիին, որոնք կազմում են այդ տիպի նյութերի 66 տոկոսը։

 

«Երկրորդ և երրորդ տեղերում, ինչպես և մեզ մոտ, համապատասխանաբար էթնիկական խմբերին և միջազգային հարաբերություններին վերաբերող թշնամական նյութերն են, որտեղ ատելության երանգներով են լուսաբանվում առաջին հերթին ռուսները, հետո հայերը ու չինացիները, որոնք վերջին շրջանում ակտիվ տնտեսական գործունեություն են իրականցնում Վրաստանում»,-ասաց Բորիս Նավասարդյանը և հավելեց, որ միջազգային հարաբերություններում ամենաագրեսիվ նյութերը վերաբերում են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։

 

Բորիս Նավասարդյանի դիտարկմամբ՝ տվյալ հետազոտության արդյունքները ցույց տվեցին, որ երեք երկրներում էլ թշնամական լեզու պարունակող նյութերը չեն գերազանցում ընդհանուր նյութերի 2-3 տոկոսը, ինչը նորմայի սահմաններում է։ «Վերը նշված հետազոտության նպատակն էր նաև պարզել' վերջին 1-1.5 տարիներին ընթացող տեղեկատվական պատերազմները, ինչ ազդեցություն են թողել մեր տարածաշրջանի վրա և պետք է ուրախությամբ փաստեմ, որ դրանք լուրջ ազդեցություն չեն ունեցել մեր տարածաշրջանի լրատվական դաշտի վրա»,- հավելեց բանախոսը:

 

Հարավային Կովկասի երկրների մամուլում ատելության լեզվի վերաբերյալ հետազոտության արդյունքները Երեւանի մամուլի ակումբը իրականցրել է գերմանական Deutsche welle պետական հեռարձակողին կից գործող ակադեմիայի հիմնադրամի աջակցության շնորհիվ։ Հետազոտությունները կատարվել են Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի ԶԼՄ-ներում։ Յուրաքանչյուր երկրում ուսումնասիրության էին վերցված երկու հեռուստատեսություն, երկու տպագիր թերթ և երկու օնլայն լրատվական կայքեր՝ ընդհանուր առմամբ՝ վեց լրատվամիջոց։ Հետազոտության թվային տվյալները վերաբերում են 2014թ. հոկտեմբերին։

 

Հայաստանում ուսումնասիրվել են «Голос Армении» ռուսալեզու թերթը, «Առավոտ» թերթը, «Հ1»(Հանրային) և «Արմենիա» հեռուստաընկերությունները, News.am ու lragir.am կայքերը։