Իրաքի Անբար մարզի արևմուտքում դեկտեմբերի 4-ին «Իսլամական պետության» 11 անդամներ են սպանվել միջազգային դաշինքի ռմբակոծության հետևանքով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, ռումբերն ընկել են նրանց ռազմական հենակետի վրա:

 

Իրաքի Ֆալուջա քաղաքի Զաուբաա գյուղում թեժ մարտեր են ընթացել ԻՊ-ի և իրաքյան ուժերի միջև: Իրաքյան օդային ուժերը մի քանի հարվածներ են հասցրել Սամրայում և Անբարում ԻՊ-ի հենակետերի ուղղությամբ՝ մեծ վնասներ հասցնելով նրանց:

 

Մյուս կողմից, պայթյուն է որոտացել Բաղդադի կենտրոնական Խադրա թաղամասի մուտքի մոտ, ինչի հետևանքով 2 մարդ է զոհվել, ևս 5-ը վիրավորվել են:

 

Ավելի վաղ իրաքյան անվտանգության ուժերը հայտարարել են, որ Սալահ ադ Դին մարզում ռազմական ուժեր են կենտրոնացել և պատրաստ են ռազմական գործողություններ սկսել մարզի հարավային հատվածներում, որտեղ գտնվում են «Իսլամական պետության» դիրքերը:

 

ԻՊ կազմակերպությունը ձևավորվել է 2006 թ.-ին, որն ընդգրկվել է 80 երկրի մոջահեդների: «Իսլամական պետություն» ծայրահեղական կազմակերպությունը համարվում է աշխարհի ամենավտանգավոր, ամենախոշոր և, միևնույն ժամանակ, ամենահարուստ ահաբեկչական կազմակերպությունը, որը կարճ ժամանակում հսկայական տարածքներ է գրավել Սիրիայում և Իրաքում: