Կլիմայի հետ կապված խնդիրների պատճառով համաշխարհային էկոնոմիկայի կորուստները վերջին տասը տարում 50 միլիարդից ավելացել են մինչև 200 մլրդ դոլար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 5-ին հայտնել է Աղետների վտանգի նվազեցման միջազգային ռազմավարության գծով ՄԱԿ-ի ծրագրի ներկայացուցիչ Խուլիո Գարսիան:

 

Կլիմայի փոփոխման հարցերին նվիրված միջազգային խորհրդաժողովի շրջանակներում, որն ընթանում է Պերուի մայրաքաղաք Լիմայում, Գարսիան նշել է, որ կլիմայական երևույթներից վնասը բացասաբար է ազդել ճանապարհային շինարարության մեջ, ոռոգման համակարգերում, պետական հիվանդանոցներում կատարվող ներդրումների վրա, և ընդհանուր առմամբ սպառնալիքի տակ է դրվել Լատինական Ամերիկայում զարգացման դրական միտումները:

 

Վերջին տարիներին ամբողջ աշխարհում տարերային աղետների զոհերի թիվը գերազանցել է 700 հազարը:

«Տարերային աղետներից այս կամ այն ձևով աշխարհում տուժել է ավելի քան 1,5 մլրդ մարդ: Ըստ հաշվարկների՝ 2008-ից մինչև 2012 թվականը 144 մլն մարդ է վերաբնակվել նման աղետների պատճառով»,- Գարսիայի խոսքը մեջբերել է Notimex գործակալությունը, հաղորդել է ՌԻԱ «Նովոստին»: