Բազելում՝ ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի աշխատանքներին մասնակցող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մի շարք երկկողմ հանդիպումներ է ունեցել:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, դեկտեմբերի 4-ի առավոտյան Էդվարդ Նալբանդյանը ներկա է գտնվել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակեր պության անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը, որի ընթացքում քննարկվել են ԵԱՀԿ նախարարական խորհրդի 21-րդ նստաշրջանի օրակարգը, ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին քաղաքական համադրմանն առնչվող հարցեր։ Հանդիպմանը քննարկվել են դեկտեմբերի վերջին Մոսկվայում կայանալիք Հավաքական անվտանգության խորհրդի նախապատրաստական աշխատանքները:

 

Էդվարդ Նալբանդյանի և Ֆինլանդիայի արտգործնախարար Էրկկի Տուոմիոյայի հետ հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների վերաբերյալ։ Ֆինլանդիայի արտգործնախարարի խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրել է Հայաստանի մոտեցումները' տարածաշրջանային խնդիրների և դրանց լուծման ուղիների վերաբերյալ:

 

Նախարար Նալբանդյանի և Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերի հետ հանդիպման ժամանակ քննարկվել են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները։ Նախարար Նալբանդյանը ԵՄ հատուկ ներկայացուցչին տեղեկացրել է Ադրբեջանի զինուժի կողմից Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի' ուսումնավարժական թռիչք իրականացնող ուղղաթիռի խոցման հետևանքով ստեղծված իրավիճակը:

 

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի և Վրաստանի արտգործնախարար Թամար Բերուչաշվիլիի հանդիպմանը Էդվարդ Նալբանդյանը, շնորհավորելով նրան նշանակման կապակցությամբ, վստահություն է հայտնել, որ երկու երկրները կշարունակեն առավել ամրապնդել և խորացնել բարիդրացիական հարաբերությունները։

 

Զրուցակիցները քննարկել ենն բարձրաստիճան փոխայցելությունների առաջիկա ժամանակացույցը, կարևորվել է ԱԳՆ-ների միջև պարբերական խորհրդատվությունների անցկացումը։ Անդրադարձ է արվել մի շարք տարածաշրջանային խնդիրների:

 

Հայաստանի և Էստոնիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների' Էդվարդ Նալբանդյանի և Քեյթ Պենտուս-Ռոզիմաննուսի հանդիպման ժամանակ գոհունակություն է հայտնվել երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակի կապակցությամբ։

 

Քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունները, միջազգային կազմակերպությունների շրջանակներում հայ-էստոնական փոխգործակցությունը։ Նախարարներն անդրադարձել են կրթական բնագավառում համագործակցությանը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում փոխադարձ այցելություններ իրականացնելու վ երաբերյալ:

 

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ նախարար Նալբանդյանը քննարկել է երկու երկրների ղեկավարների մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, հայ-ռուսական հարաբերությունների տարբեր բնագավառներին վերաբերող հարցերի լայն շրջանակ։ Անդրադարձ է արվել տարածաշրջանային խնդիրների կարգավորման ուղղությամբ գործադրվող ջանքերին:

 

Նախարարները գոհունակություն են հայտնել դեկտեմբերի 4-ին Եվրասիական միության հիմնադրման մասին փաստաթղթին Հայաստանի միացման վերաբերյալ պայմանագրի' ՀՀ Ազգային ժողովի կողմից վավերացման կապակցությամբ:

 

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը իր ռուսաստանցի գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի զինուժի կողմից Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի' ուսումնավարժական թռիչք իրականացնող ուղղաթիռի խոցման հետևանքով ստեղծված լարված իրավիճակը:

 

Էդվարդ Նալբանդյանի և Մալթայի արտգործնախարար Ջորջ Վելլայի հանդիպմանը անդրադարձ է արվել երկկողմ հարաբերությունները ձևավորելու նպատակով ձեռնարկվելիք քայլերին։ Այս առումով կարևորվել է համատեղության կարգով Վալետայում Հայաստանի դեսպանի հավատարմագրումը:

 

Նախարարները քննարկել են միջազգային կազմակերպություններում փոխգործակցության սերտացման, իրավապայմանագրային դաշտի կատարելագործման, գործարար կապերի, մշակութային փոխանակումների ակտիվացման ուղիները։ Էդվարդ Նալբանդյանն ու Ջորջ Վելլան մանրամասն մտքեր են փոխանակել Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության շուրջ: