Ադրբեջանի Գյորանբոյի շրջանի Դալմամեդլի ավանում երաժշտական դպրոցի ուսուցիչը հրազենով ինքնասպանություն է գործել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով milli.az լրատվական կայքը, վերջինս որսորդական հրացանը հենել է ուղղիղ սրտին ու քաշել ձգանը: Նա տեղում մահացել է:

 

Ինքնասպանություն գործելու պահին ուսուցիչը դասասենյակում մենակ է եղել: Գյորանբոյի շրջանի դատախազությունը հայտնել է, որ ուսուցչի ինքնասպանության դիմելու պատճառն իրենց հայտնի չէ: Փաստի առնչությամբ հետաքննություն է սկսվել: Ենթադրվում է, որ երաժշտության ցածր աշխատավարձ ստացող ուսուցիչը մեծ չափի պարտքեր է ունեցել, եւ այդ քայլին դիմել է պարտքը վերադարձնել չկարողանալու պատճառով:

 

Ադրբեջանի իշխանությունները երկրում ինքնասպանությունների պաշտոնական վիճակագրություն չեն հրապարակում, սակայն, ադրբեջանական ԶԼՄ-ների համաձայն' 2014 թ-ի սկզբից մինչ այժմ այդ երկրում արդեն 230 ինքնասպանության դեպք է տեղի ունեցել, որոնցից 15-ը կատարել են անչափահասները 13 ինքնասպանության դեպք էլ գրանցվել է Ադրբեջանի զինված ուժերում:

 

Ադրբեջանում այս տարվա ընթացքում ինքնահրկիզման է դիմել արդեն 13 քաղաքացի, նրանցից 7-ը' ղարաբաղյան պատերազմի հաշմանդամներ: Նրանք այդ քայլին են դիմել իշխանություններից կողմից իրենց իրավունքների խախտման, կաշառք պահանջելու եւ այլ պատճառներով: