Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիի կրոնական փոքրամասնությունների հարցով հատուկ օգնական Ալի Իվնեսին այցելել է Գորգանի Ղորուղի գյուղում գտնվող Սբ Մարիամ Աստվածածին եկեղեցի եւ հանդիպել տեղի հայ համայնքին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով իրանահայ համայնքի «Ալիք» օնլայն լրատվամիջոցը, հանդիպմանը ներկա է եղել նաեւ Թեհրանի հայոց թեմի թեմական խորհրդի անդամ Մարտիկ Միրզայանը:

 

Իվնեսին կարեւորել է այն հանգամանքը, որ տեղի հայ համայնքն իր ներդրումն է ունեցել եւ ոչ հայ բնակիչների համար դպրոց է կառուցել, ինչին ի պատասխան, հայ համայնքի բնակիչները շեշտել են, որ իրանահայությունը միշտ իր ծառայությունն ու ներդրումն է ունեցել Իրանի զարգացման գործում:

 

Ղորուղի գյուղխորհրդի անդամ Մոհամմադալի Ռեզային եւս, գնահատելով հայերի դերը շրջանի հասարակական ու մշակութային աշխատանքների զարգացման հարցում, ասել է. «Հայերը ոչ միայն հիմնադրել են այս գյուղը, այլ ազդեցիկ դեր խաղացել դրա զարգացման գործում»: