Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է Ադրբեջանում քաղաքացիական հասարակության ակտիվիստների և լրագրողների դեմ իրականացվող սահմանափակումներով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ' այս մասին դեկտեմբերի 5-ին ԱՄՆ պետքարտուղարության ամենօրյա հարցուպատասխանի ժամանակ նշել է պետդեպի մամուլի փոխխոսնակ Մարի Հարֆը:

 

Լրագրողները Միացյալ նահանգների դիրքրոշումն են հարցրել ադրբեջանական իշխանությունների կողմից լրագրող Խադիջա Իսմայիլովայի կալանավորման վերաբերյալ, որը դատապարտվել էր ԵԱՀԿ-ի կողմից: «Գնալով մեծանում են մտահոգությունները, որ կառավարությունն այս հարցերում չի հետևում իր կողմից ստանձնած միջազգային հանձնառություններին և պարտավորություններին: Մեր մարդիկ բազմիցս բարձրացրել են հարցն այնտեղ»,- նշել է Հարֆը:

 

Բաքվի դատարանը դելտեմբերի 5-ին «Ազատության» լրագրող Խադիջա Իսմայլովային երկու ամսով կալանավորելու որոշում է կայացրել: Լրագրողի ընկերների փոխանցմամբ, Իսմայլովային դատախազություն են կանչել Թուրալ Մուստաֆաևի գործով, ով փորձել էր ինքնասպանություն գործել: Իսմայիլովային կալանավորելու միջնորդությունը քննվել է առանց նրա փաստաբանի մասնակցության:

 

Խադիջա Իսմայլովայի դեմ նաև գործ է հարուցվել նախկինում ընդդիմադիր քաղաքական գործիչ Էլման Հասանովի դիմումի հիման վրա: Նա հիմա հայտնի է Էլման Թյուրքօղլու անունով: Վերջինս Իսմայլովային մեղադրել է իրեն զրպարտելու մեջ:

 

Խադիջա Իսմայովան իր դեմ մեղադրանքները անհիմն է համարում, ցույց տալով, որ իր կողմից տարածված նյութերում Էլման Թյուրքօղլու անունը ընդհանրապես չկա: Լրագրողը գտնում է, որ իր դեմ սարքած գործի հետևում կանգնած են Ադրբեջանի հատուկ ծառայությունները: