ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հանդիպել է Բազել ժամանած մի շարք երկրների քաղաքացիական հասարակության ակտիվիստների հետ' ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ ԵԱՀԿ շրջանակում խորհրդաժողովի ընթացքում:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ԵԱՀԿ մամուլի ծառայությունը, Քերին ակտիվիստներին համերաշխություն է հայտնել եւ հայտարարել, որ քաղաքացիական հասարակության անկախ կազմակերպություններն «անհրաժեշտ պայման են մարդկային արժանապատվությունն ու ազատությունը պաշտպանելու եւ առաջ տանելու համար:

 

ԱՄՆ պետքարտուղարը հետաքրքրվել է, թե ինչ կարող են անել ԱՄՆ-ը եւ ԵԱՀԿ մյուս անդամները մարդու իրավունքների ոլորտում առաջընթացի եւ ժողովրդավարացման համար' ինչպես երկկողմ դիվանագիտական ջանքերի միջոցով, այնպես էլ ԵԱՀԿ շրջանակում:

 

ԱՄՆ պետքարտուղարը Ադրբեջանից, Բելառուսից, Ղազախստանից, Ռուսաստանից եւ Թուրքմենստանից ժամանած ընդդիմադիրներին վստահեցրել է, որ իր երկիրը հետագայում եւս մտահոգություն է հայտնելու կապված քաղաքացիական հասարակության նկատմամբ այդ երկրներում իրագործվող սահմանափակումների, այդ թվում նաեւ ոչ կառավարական կազմակերպությունների ազատ գործունեությունը դժվարացնող եւ արգելող օրենքների ու պրակտիկայի հետ: