Իրաքի ոստիկանությունը տեղեկացրել է, որ Բաղդադի արևելքում գտնվող Սադր թաղամասում 2 ականապատ մեքենաների պայթյունից 16 մարդ զոհվել, ևս 65-ը վիրավորվել են: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, առաջին ականապատ մեքենան պայթյունից զոհվել է 7 և վիրավորվել 27 մարդ: Երկրորդ պայթյունը խլել է 9 մարդու կյանք: Բացի այդ, վիրավորվել են ևս 38-ը:

 

Մյուս կողմից, Իրաքի հյուսիսում գտնվող Քիրքուք քաղաքում ականապատ մեքենա է պայթել Մաքթազ փողոցի սրճարանի մոտ, ինչի հետևանքով 18 մարդ զոհվել, ևս 22-ը վիրավորվել է: Շրջանը հիմնականում քրդերով է բնակեցված, որտեղ ռեստորաններ, խանութներ կան:

 

Տեղեկություններ կան այն մասին, որ «Իսլամական պետության» 75 անդամներ են սպանվել Թիրքիթ և Քիրքուք քաղաքների մերձակայքում: Նրանցից 48-ը սպանվել են Թիրքիթում:

 

ԻՊ կազմակերպությունը ձևավորվել է 2006 թ.-ին, Դրա կազմում են 80 երկրների մոջահեդներ: «Իսլամական պետություն» ծայրահեղական կազմակերպությունը համարվում է աշխարհի ամենավտանգավոր, ամենախոշոր և, միևնույն ժամանակ, ամենահարուստ ահաբեկչական կազմակերպությունը, որը կարճ ժամանակում հսկայական տարածքներ է գրավել Սիրիայում և Իրաքում: