Գյումրիում այսօր' դեկտեմբերի 7-ին, հարգել են 1988 թվականի ավերիչ երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակը: Առավոտյան հոգեհանգստի պատարագ է մատուցվել Շիրակի թեմի բոլոր եկեղեցիներում, սակայն օրվա ընթացքում ևս մարդաշատ են ինչպես Գյումրիում գործող եկեղեցիները, այնպես էլ գերեզմանատները:

 

Երկրաշարժից 26 տարի անց, մարդիկ կրկին այցելում են աղետին զոհ գնացած հարազատերի շիրիմներին՝ սգալու ու խնկարկելու կորուստը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' մարդկանց հոսքը չի դադարում նաև դեպի անմեղ զոհերի եղբայրական գերեզման: Առավոտյան 11:41 րոպեին մարզային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները, քաղաք այցելած հյուրերը ծաղիկներ դրեցին երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, 1 րոպե լռությամբ հարգեցին նրանց հիշատակը: Շիրակի թեմի առաջնորդ գերաշնորհ Միքայել եպիսկոպոսի ձեռամբ կատարվեց հոգեհանգստի կարգ: