«Mediamall.am» լրատվականը ներկայացնում է անցնող օրվա կարևորագույն տեղեկատվությունը.






Հրդեհ` Հաղթանակի կամրջի մոտ

 

 

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում դեկտեմբերի 9-ին' ժամը 00.11-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Հաղթանակի կամրջի մոտ' «Մետրոպոլ» հյուրանոցի դիմաց, այրվում է ավտոմեքենա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ բախվել են «Մազդա» մակնիշի 51 ZZ 511 պ/հ (վարորդ' Ի. Ա., ծնված 1991թ.) և «Կիա» մակնիշի 417 LD 61 պ/հ (վարորդ' Ա.Պ, ծնված 1988թ.) ավտոմեքենաները, ինչից «Մազդա» մակնիշի ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել. տուժածներ չկան:

 

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են «Կիա» մակնիշի ավտոմեքենան: Հրդեհը մեկուսացվել է ժամը 00.21-ին, մարվել՝ 00.36-ին: Այրվել են «Մազդա» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը և մասամբ՝ սրահը:

 

 

 

***

 

 

Արծրուն Հովհաննիսյանը հերքում է. հայկական կողմը դիվերսիոն փորձ չի կատարել

 

 

Հայկական կողմն ադրբեջանական սահմանին դիվերսիա չի իրականացրել, իսկ ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունն առնվազն անհեթեթություն է: ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց, որ ադրբեջանական կողմի տարածած տեղեկությունն այնքան անհեթեթ է, որ անգամ մեկնաբանելու կարիք չկա: «Հայկական կողմը դիվերսիա չի կատարել, անիմաստ է խոսել նաեւ հետ շպրտման մասին: Տարածածը հերթական հերյուրանքն է»,- ասաց Հովհաննիսյանը:

 

Անդրադառնալով սահմանին տիրող իրավիճակին, Հովհաննիսյանն ասաց, որ այն խիստ լարված չէ, սակայն ադրբեջանցիները խախտում են հրադադարի ռեժիմը: «Լարվածությունը մեծ չէ, սովորական իրավիճակ է, եւ հայկական զինված ուժերը վերահսկում են այն»,- ասաց նա:

 

Ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկատվություն էին տարածել, իբր, դեկտեմբերի 8-ի գիշերը հայկական զինված ուժերը դիվերսիա են իրականացրել, սակայն ադրբեջանական ուժերը դիմադրել են եւ հետ շպրտել:

 

 

 

***

 

 

Իշխանության վերարտադրության սցենարները

 

 

 

«Իշխանության վերին օղակներում նշում են, որհունվարի 5-ի երեկոյան՝ Սուրբ Զատկի պատարագից հետո, որին հաջորդելու է Տնօրհնեքը,տեղի է ունենալու մի բան, որն, ըստ էության, մեսիջ է ողջ քաղաքական դաշտին, ինչպես նաև հանրությանը:

 

Ջրօրհնեքի արարողության ընթացքում Հայ առաքելական եկեղեցում կատարվում են սուրբգրային ընթերցումներ, աղոթքներ, հանդիսավոր բերվում է սուրբ Մյուռոնի աղավնին, պատարագիչ եկեղեցականը Մյուռոնը կաթեցնում է ջրի մեջ, ապա ջրի մեջ գցված խաչը «Պահպանիչ»-ի ժամանակ հանում, տալիս է օրվա խաչի կնքահորը:

 

Եվ ահա, ինչպես խոսվում է իշխանության վերին օղակներում, այդ օրվա խաչի կնքահայրը պլանավորված է, որ լինելու է Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը»,- այսօրվա իր համարում գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:

 

Թերթի ակնարկն ակնհայտ է ու հանգում է նրան, որ իշխանություններն անգամ ծիսական, կրոնական միջոցառումն են օգտագործելու իրենց վերարտադրությանը, տվյալ դեպքում՝ Սեյրան Օհանյանի քաղաքական ժառանգորդությանը հրապարակային բնույթ հաղորդելու համար:Շարունակությունն՝ այստեղ:

 

 

 

 

***

 

 

 

Ուկրաինայում շարունակվում Է համատարած «լենինաթափը»

 

 

Մեկ տարում Ուկրաինայում Վլադիմիր Լենինի 504 հուշարձան Է քանդվել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է Ուկրաինայի Ազգային հիշատակի ինստիտուտը:

 

Հաղորդագրության մեջ նշված Է, որ երկրում մնում է կոմունիստական առաջնորդի շուրջ 1700 հուշարձան:

Ուկրաինայում զանգվածային «լենինաթափն» սկսվել է անցյալ տարվա դեկտեմբերի 8-ին. այն ժամանակ հուշարձանը հանվեց Կիեւի կենտրոնում:

 

Ինչպես ասված Է ինստիտուտի հաղորդագրության մեջ, առավել մեծ քանակությամբ հուշարձաններ են հանվել Խմելնիցկիի եւ Վիննիցայի մարզերում:

 

 

***

 

 

Դրամի արժեզրկումը կբերի 1.5-2.0 տոկոս լրացուցիչ գնաճի. ԿԲ նախագահ

 

 

Հայաստանի ազգային արժույթի փոխարժեքի փոփոխությունը կբերի 1.5-2.0 տոկոս լրացուցիչ գնաճի այս և հաջորդ եռամսյակներում, որից հետո այդ ազդեցությունը կչեզոքացվի 1 տարվա ընթացքում: Այս մասին լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը' խոսելով դրամի արժեզրկման և գնաճի վրա դրա ազդեցությունների մասին:

 

«Փոխարժեքը կարևոր գործոն է գնաճի վրա ազդելու տեսակետից, բայց ոչ որիշիչ: Ճիշտ է, փոխարժեքի փոփոխությունը ազդում է ներմուծված ապրանքների գների վրա, որոնք մեր սպառողական զամբյուղի մոտ 37 տոկոսն են կազմում, սակայն փոխարժեքի ազդեցությունը գների վրա կախված է տարբեր գործոններից, ինչպես, օրինակ, շուկաների կառուցվածքը, մրցակից ապրանքների առկայությունը և այլն: Այս պահին Կենտրոնական բանկը գնահատում է, որ 2014 թվականի վերջին և 2015 թվականին գնաճը կլինի նպատակային թիրախի շրջանակներում, այսինքն' 4+/-1.5 տոկոս»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ' ասաց նա:

 

Ջավադյանը տեղեկացրեց, որ դրամավարկային քաղաքականության ուղղությունների հերթական քննարկման ժամանակ Կենտրոնական բանկն ավելի մանրամասն կներկայացնի գնաճի վրա վերջին զարգացումների հնարավոր ազդեցությունը:

 

«Ինչ վերաբերում է առանձին ապրանքային շուկաներին, ապա հնարավոր է, որ այդ շուկաներում նույնպես լինեն չարաշահումներ՝ գների չհիմնավորված թանկացման միջոցով, ինչպես նաև ապրանքների թանկանալու մասին լուրեր տարածելու միջոցով, որը բերում է արհեստական պահանջարկի ստեղծմանը: Կառավարության պատկան մարմինները իրավիճակին ուշադիր հետևում և վերլուծում են, ու բացահայտման դեպքում կպատժեն բոլոր մեղավորներին»,- հավելեց գլխավոր դրամատան ղեկավարը:

 

Նոյեմբերի 24-ից Հայաստանում դրամը սկսել է արժեզրկվել: Ներկայումս դոլարի նկատմամբ դրամի միջին փոխարժեքը շուրջ 455 է:

 

 

 

***

 

 

Արցախի ժողովուրդը վճռական է և պատրաստ պաշտպանելու իր շահերն ու ազատությունները. Բակո Սահակյան

 

 

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել ԼՂՀ պետական անկախության մասին հանրաքվեի եւ Սահմանադրության օրվա առթիվ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունից, ուղերձում մասնավորապես ասված է.

 

«Սիրելի հայրենակիցներ,
Արցախի իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ ԼՂՀ պետական անկախության մասին հանրաքվեի եւ Սահմանադրության օրվա առթիվ:

 

Այս օրը մեր ժողովրդի բազմադարյա պատմության մեջ մտավ որպես նոր ճանապարհի սկիզբ, որն ազդարարեց ժողովրդավարական սկզբունքների, համամարդկային ու ազգային արժեքների վրա հիմնված ազատ ու անկախ պետություն եւ քաղաքացիական հասարակություն կառուցելու արցախահայության անսասան որոշման մասին:

 

Ինչպես 1991թ. Անկախության հանրաքվեն, այնպես էլ 2006թ. մեր երկրի հիմնական օրենքի' Սահմանադրության ընդունումը մեկ անգամ եւս վկայեցին, որ Արցախի ժողովուրդը վճռական է եւ պատրաստ պաշտպանելու իր շահերն ու ազատությունները, պաշտպանելու միջազգային իրավունքի նորմերին որ ‚ չափանիշներին համապատասխան:

 

Մեր ընտրած ճանապարհն այլեւս անշրջելի է, քանի որ այն արդար է եւ սրբագործված մեր հերոս նահատակների արյամբ: Մենք պարտավոր ենք օր օրի ամրապնդել մեր պետականությունը, զարգացնել տնտեսությունը, բարելավել մարդկանց կենսապայմանները: Պարտավոր ենք իրականություն դարձնել մեր ժողովրդի իղձերն ու ցանկությունները' հետեւելով օրենքի տառին ու ոգուն եւ ստեղծելով ուժեղ իրավական պետություն: Դա է Արցախի բարգավաճման եւ նրա միջազգային ճանաչման, առաջադեմ հանրությանն ինտեգրվելու մեր միակ ուղին:

 

Եվ ուրախալի է, որ աշխարհում տարեցտարի աճում է Արցախի բարեկամների թիվը, ովքեր հարգում ու գնահատում են ժողովրդավարության ուղին բռնած մեր քաղաքացիների որոշումն ու ջանքերը: Դա շարունակական գործընթաց է, որն անպայման կհասնի իր տրամաբանական ավարտին, եւ Արցախն իր արժանի տեղը կզբաղեցնի ինքնիշխան ու զարգացած պետությունների շարքում:

 

Թանկագին արցախցիներ, մեկ անգամ եւս շնորհավորում եմ բոլորիս մեր այս կարեւորագույն պետական տոնի առթիվ եւ մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու ամենայն բարիք»: