Իրանը կշարունակի աջակցել Սիրիային քաղաքական ճանապարհով ճգնաժամի լուծման հարցում, որպեսզի այն լուծվի միջսիրիական բանակցությունների միջոցով առանց արտաքին միջամտության: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, այս մասին Սիրիայի Արտաքին գործերի և սփյուռքի նախարար Ուալիդ ալ Մուալլեմի հետ համատեղ ասուլիսի ժամանակ նշել է Իրանի Արտաքին գործերի նախարար Ջաուադ Զարիֆը: Ուալիդ ալ Մուալլեմը նշել է, որ Սիրիան ԱՄՆ-ի գլխավորությամբ ենթարկվում է դավադրությունների, դրանցում մասնակցություն ունեն նաև եվրոպական մի քանի երկրներ և տարածաշրջանում հայտնի Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Քաթարը:

 

Նա նաև ավելացրել է, որ Սիրիան աշխատում է Իրանի, Ռուսաստանի և այլ երկրների հետ ճգնաժամը քաղաքական ճանապահով լուծելու համար: Իրանցի նախարարն իր հերթին շեշտել է, որ Սիրիան կշարունակի դիմակայել՝ այդպիսով հաղթելով ահաբեկչությանը:

 

Նախարարները նաև դատապարտել են Իսրայելի հարձակումը՝ նշելով, որ Իսրայելը սիրիական կառավարության դեմ կռվող ծայրահեղական խմբավորումների հետ նույն «խրամատի» մեջ է: Մուալլեմը նշել է, որ Իսրայելը փորձում է փոխհատուցել Սիրիայում իսլամական ծայրահեղական խմբավորումների վերջին շաբաթներում ունեցած կորուստները:

 

Տեղեկություններ են հաղորդվում, որ Իրաքի, Իրանի և Սիրիայի արտաքին գործերի նախարարները կհանդիպեն Թեհրանում:

 

Ուալիդ ալ Մուալլեմը Թեհրան էր մեկնել դեկտեմբերի 8-ին՝ մասնակցելու «Աշխարհն առանց բռնության և ծայրահեղականության» միջազգային համաժողովին, որին մասնակցում են Սիրիայի, Իրաքի, Պակիստանի, Աֆղանստանի, Նիկարագուայի արտգործնախարարնները: