Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին ավտովթարի հետեւանքով Մարտունու բժշկական կենտրոն տեղափոխված հինգ անձանց կյանքին վտանգ չի սպառնում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Մարտունու բժշկական կենտրոնի տնօրենի բուժգծով տեղակալ Աշոտ Քիշմիրյանը, ստացված ահազանգից անմիջապես հետո շտապօգնության մեքենայով Մարտունու բժշկական կենտրոն են տեղափոխվել Գեղարքունիքի մարզի Վաղաշեն գյուղի բնակիչներ, 2005 թվականին ծնված Գարիկ Բաղդասարյանը, 2007 թվականին ծնված Գոռ Բաղդասարյանը,1978 թվականին ծնված Կարեն Խաչատրյանը, 1986 թվականին ծնված Աննա Բաղդասարյանը եւ Աստղաձոր գյուղի բնակիչ, 1981 թվականին ծնված Պապին Ներսիսյանը:

 

Տուժածներին ժամանակին ցուցաբերվել է համապատասխան բուժօգնություն, ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցառումներ: Գարիկ Բաղդասարյանի մոտ ախտորոշվել է փակ գանգուղեղային վնասվածք, գլխի գագաթային շրջանի գեմատոմա, ինչից ելնելով էլ Մարտունու բժշկական կենտրոնի շտապօգնության մեքենայով նա տեղափոխվել է մայրաքաղաք՝ համապատասխան հետազոտություն անցնելու նպատակով: Գոռ Բաղդասարյանը ստացել է գանգուղեղային տրավմա եւ ուղեղի ցնցում, վիճակն այժմ բավարար է: Կարեն Խաչատրյանը ստացել է քթոսկրի կոտրվածք, քթի հիմքի շրջանի սալջարդ վերք, վիճակը բավարար է: Աննա Բաղդասարյանը, ով տանում է նաեւ 15 շաբաթական հղիություն, ստացել է գանգուղեղային փակ վնասվածք եւ ուղեղի ցնցում: Անցկացվել են գինեկոլոգիական բոլոր հետազոտունները, բավարար է ինչպես մոր, այնպես էլ պտղի վիճակը: Պապին Ներսիսյանը ստացել է ձախ կոնքոսկրային հոդի փակ լրիվ հոդախախտ, որն ուղղվել է: Բոլորն այժմ բժիշկների հսկողության տակ են եւ դուրս կգրվեն առաջիկա մեկ-երկու օրերի ընթացքում:

 

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունը հայտարարություն էր տարածել այն մասին, որ դեկտեմբերի 10-ի ժամը 2-ի սահմաններում Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի երրորդ կիլոմետրում տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով հոսպիտալացվել են հինգ հոգի: