Այսօր Մարդու իրավունքների պաշտպանության օրվան նվիրված հանրահավաք-երթի ժամանակ ելույթով հանդես չեկավ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Նշենք, որ Եռյակում ընդգրկված կուսակցությունների առաջնորդներից ներկա էր միայն նա:

 

Լուրեր.com-ի հետ զրույցում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ Րաֆֆի Հովհաննիսյանը ելույթ չունեցավ, ասել էր. «Գիտե՞ք ինչ, մենք պայմանավորվել էինք՝ ցանկացած քաղաքական ուժ կարող է այս հավաքում խոսել, ով օգտվել է այդ հնարավորությունից, օգտվել է»:

 

Լուրեր.com-ը նույն հարցով դիմեց նաև «Ժառանգություն» կուսակցության մամուլի քարտուղար Դավիթ Սանասարյանին, ով ասաց. «Րաֆֆի Հովհաննիսյանն իր խոսքը, իր քաղաքական պատկերացումները՝ երկիրն այս վիճակից դուրս բերելու վերաբերյալ, բոլոր ամբիոններից հայտնում է: Մի քանի օր առաջ է ունեցել իր ելույթը, բացի այդ, Ազատության հրապարակում նաև պատասխանել է լրագրողների հարցերին: Հարգելով ՀՀ քաղաքացիների՝ Մարդու իրավունքների պաշտպանության օրվա վերաբերյալ հավաքը և հաստատակամությունը՝ Րաֆֆի Հովհաննսիյանը նրանցից մեկն է եղել և չի ներկայացել Ազատության հրապարակ ելույթ ունենալու համար»: