Նրանք, ովքեր օգտվում են համացանցից, բազմիցս հանդիպած կլինեն fake երեւույթին, երբ անմեղ հեղինակի անվան տակ թաքնված է լրիվ այլ մարդ, որի նպատակները դժվար է որոշել: «Ֆեյքերի» հետ շփվել ոչ ոք չի ցանկանում, որովհետեւ չգիտես, թե ում շահերն է ներկայացնում նա եւ ինչպես է օգտագործում ձեր գործողությունները:
Անդրիաս Ղուկասյանը կոչ է անում վերջ դնել fake ընտրություններին, որովհետեւ նրանց տեսանելի ավատարի տակ լիովին այլ բան է թաքցվում՝ թատերականացված ներկայացում նախապես մտածված վերջաբանով, որին մասնակից են դառնում բոլոր մասնակիցները՝ եւ թեկնածուները, եւ ընտրողները: Ընտրություններն «իրական» են միայն նրանց համար, ով գրել է սցենարը եւ կհաղթի նրանում:
Անդրիաս Ղուկասյանի հացադուլն ուղղված է նրան, որ սահման գծվի իրականի ու կեղծիքի միջեւ: Ովքեր համաձայն են խաղալ կեղծ դաշտում, շարունակում են խաղալ, մյուսները մոտենում են Անդրիաս Ղուկասյանին ու համերաշխություն են հայտնում նրան:
Նախագահի թեկնածուներից համերաշխություն են հայտնել Րաֆֆի Հովհաննիսյանը, Պարույր Հայրիկյանը, Արամ Հարությունյանը եւ Վարդան Սեդրակյանը: Գալով Ակադեմիայի մոտ, նրանք փաստորեն խոսովանել են, որ ընտրությունները կեղծ են, սակայն «արքայի մերկ» լինելու մասին հայտարարել է միայն Անդրիաս Ղուկասյանը: Նաեւ քիմիկոս Հարություն Կարապետյանը, ով վերադարձրել է նախագահական մրցանակը, որովհետեւ նույնպես կարծում է, որ գիտական վարչարարության համակարգը, ինչպես ողջ պետական համակարգը, նույնպես կեղծ է:
Հրանտ Բագրատյանը, ով ոչ քիչ հեղինակություն ունի, ում կարծիքը շատերն են լսում, այդպես էլ չի մոտեցել Անդրիաս Ղուկասյանին: Համերաշխություն հայտնելով՝ Հրանտ Բագրատյանը մարդկայնորեն կաջակցեր ոչ հեշտ քայլի գնացած մարդուն: Ճիշտ է, նման դեպքում նրա մասնակցությունն ընտրությանը կկորցներ իմաստը, սակայն այժմ էլ այդ մասնակցությունն ավելի իմաստալից չէ:
Անդրիաս Ղուկասյանի ու նրա պահանջների նկատմամբ վերաբերմունքը յուրահատուկ թեստ է դարձել, որը դեռեւս քչերն են անցել: Շատերը վախենում են իրենց աջակցությունը հայտնել Ղուկասյանին, որովհետեւ սոցցանցերում ոմն «նորաձեւության օրենսդիրներ» դա «ոչ գլամուր» են անվանել, ոմանք էլ այն պատճառով, որ հասկանում են՝ ակցիային աջակցությունը կնշանակի ներկայիս համակարգի նկատմամբ վերաբերմունքի արմատական վերանայում, որը հարկ կլինի կեղծ հռչակել:
Նույնիսկ իշխող կուսակցության ներկայացուցիչներն են հասկացել, որ ծաղրելու մարտավարությունը հակառակ արդյունքի կհանգեցնի, եւ նրանք պարզապես որոշել են լռել: Հայկական կուսակցությունների ու քաղաքացիական շարժումների ներկայացուցիչները դեռեւս հրապարակային աջակցություն չեն հայտնել Ղուկասյանի պահանջին եւ կոչ չեն արել ժողովրդին բոյկոտել ընտրությունները: Դա նշանակում է, որ նրանք կամ համաձայն են fake ընտրությունները շարունակելուն, կամ էլ չեն հավատում իրենց զգացմունքներին: Իսկ յուրաքանչյուր մարդու զգացմունքը հուշում է, որ կեղծ համակարգին, կեղծիքին պետք է վերջ տալ, որպեսզի հայտնվի իրական կյանքը: