Թեհրանում դեկտեմբերի 8-10-ին տեղի է ունեցել «Աշխարհը բռնության և ծայրահեղության դեմ» խորագրով առաջին միջազգային գիտաժողովը: Այն նվիրված է եղել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի կողմից նախաձեռնած և 2013թ. ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 68-րդ նստաշրջանում ընդունված համանուն բանաձևի կիրարկմանն ու բռնության, անհանդուրժողականության և ծայրահեղության դեմ պայքարում միջազգային համագործակցության մթնոլորտի ստեղծմանը:

 

Գիտաժողովին Հայաստանը ներկայացրել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը, ով, բազմաթիվ այլ բանախոսների թվում, խստորեն դատապարտել է Սիրիայի և Իրաքի տարածքում գործող «Իսլամական պետություն» և այլ ահաբեկչական խմբավորումների բռնությունը ազգային և կրոնական փոքրամասնությունների նկատմամբ' շեշտելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Դեյր էլ Զորի Սրբոց Նահատակաց հայկա կան եկեղեցու պայթեցումը: Միաժամանակ նախարարի տեղակալը բարձր է գնահատել Իրանի իշխանությունների բարյացակամ վերաբերմունքն ազգային փոքրամասնությունների, այդ թվում' հայերի նկատմամբ:

 

Գիտաժողովի շրջանակներում դեկտեմբերի 10-ին Աշոտ Հովակիմյանը հանդիպում է ունեցել Իրանի ԱԳ նախարարի տեղակալ Սեյյեդ Աբբաս Արաղչիի հետ, որի ընթացքում քննարկվել են միջազգային կազմակերպություններում հայ-իրանական համագործակցությանն առնչվող հարցեր: