Ստամբուլի «Ակոս» պարբերականի նախկին գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի ընտանիքի փաստաբան Հաքան Բաքըրջըօղլուն կիսվել է Դինքի սպանության գործի մասին նոր տեղեկությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Բաքըրջըօղլուն «Վաթան» պարբերականին հայտնել է սպանության օրը հանցագործության իրականացման վայրին կից գտնվող բանկի տեսախցիկների ձայնագրությունների անհետացման պատասխանատուի անունը:

 

Դինքի ընտանիքի փաստաբանի համոզմամբ' այդ ձայնագրությունների անհետացման մեղավորը սպանության ժամանակ Ստամբուլի' ահաբեկչության դեմ պայքարի բաժնի տնօրենի պաշտոնը զբաղեցնող Սելիմ Քութքան է, ով հայտնի է նաև Դողու Փերինչեքի հետ իր ունեցած սերտ հարաբերություններով:

 

Հրանտ Դինքը սպանվել է 2007 թ. հունվարի 19-ին «Ակոս» թերթի խմբագրատան առաջ: 2012 թ. հունվարի 17-ին Ստամբուլի ծանր հանցագործությունների 13-րդ դատարանը սպանությունը ծրագրելու և ուղղորդելու մեջ մեղավոր ճանաչված Յասին Հայալին դատապարտել է ցմահ ազատազրկման,սպանությունն իրագործած Օգյուն Սամասթին' հանցագործության պահին անչափահաս լինելու հիմնավորմամբ' 22,5 տարվա ազատազրկման: Դատական վճռում նշվել էր, որ գործով անցնողմեղադրյալները ոչ թե «ահաբեկչական զինված խմբավորման», այլ «հանցագործություն կատարելունպատակով ստեղծված» կազմակերպության անդամներ են: Թուրքիայի Վճռաբեկ դատարանը 2013 թ.մայիսի 5-ին բեկանել է Ստամբուլի ծանր հանցագործությունների 13-րդ դատարանի ընդունած վճռի այն կետը, որում նշվել էր, որ Հրանտ Դինքի սպանության հետևում «ահաբեկչական զինվածկազմակերպություն» կանգնած չէ:

 

2014 թվականի հոկտեմբերին Ստամբուլի ծանր հանցագործությունների գործով 5-րդ դատարանը որոշում է կայացրել Հրանտ Դինքի սպանության գործով դատավարությունը սկսել զրոյից: Այս անգամ բոլոր ամբաստանյալներին կառաջադրվի «հանցավոր խմբավորման ստեղծման և կառավարման կամ դրանում մասնակցություն ունենալու» մեղադրանք: Բացի այդ, Դինքի սպանության ժամանակ բարձր պաշտոններ զբաղեցրած 9 անձանց, այդ թվում Ստամբուլի նախկին ոստիկանապետ Ջելալեթին Ջերահի նկատմամբ դատական գործեր հարուցելու կապակցությամբ որշումներ են ընդունվել: