Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վահրամ Մկրտչյանը Հայաստանում արտահերթ ընտրությունների և իշխանափոխության հիմքեր չի տեսնում: Դեկտեմբերի 11-ին լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով եռյակի՝ արտահերթ ընտրությունների և իշխանափոխության կոչերին, Վահրամ Մկրտչյանը նկատեց, որ դեռևս 1991թ. սկսած՝ Հայաստանում ընդդիմությունը նման կոչեր է հնչեցնում: «Ես ինքս էլ ժամանակին եղել եմ ընդդիմության կազմում և հիմա, երբ վերլուծում եմ, հասկանալի է դառնում, որ երբ ընդդիմությունը չունի իշխանության գալու ռազմավարություն, սկսում է օգտվել իշխանությունների բացթողումներից: Այսինքն՝ գործում է իրավիճակային: Յուրաքանչյուր ընդդիմություն ցանկանում է իշխանության գալ, սակայն դրան հարկավոր է պատրաստ լինել: Բացառությամբ 1996թ. նախագահական ընտրությունների, որին 1998թ. հաջորդեց նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականը, Հայաստանում չի եղել նախադեպ, որ ընդդիմության ճնշումների արդյունքում իշխանությունները հեռանան»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Մկրտչյանը:

 

Պատգամավորն ընդդիմության կոչերը որակեց որպես հասարակությանը լարվածության և անհարկի սպասումների գրաֆիկի մեջ պահող կոչեր: «Փոխանակ իրենց ռազմավարությունը, մարտավարությունը մշակեն, ինչպես պետք է շահեն հասարակության վստահությունը, նրանք սկսում են խաղալ մարդկանց զգացմունքների վրա»,- ընդգծեց Մկրտչյանը:

 

Նա ցավով նկատեց, որ Հայաստանում կա աղքատության խնդիր, երկրի առջև ծառացած են բազմաթիվ չլուծված խնդիրներ, տնտեսական վիճակն էլ այնքան բարվոք չէ և այդ կետերի վրա ցանկացած մեկը միշտ էլ կկարողանա զգացմունքային մանիպուլյացիա կազմակերպել, սակայն դա նրանց արտահերթ ընտրությունների հասնելու հնարավորություն չի կարող տալ:

 

Վահրամ Մկրտչյանն անդրադարձավ նաև ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի՝ ՀՀ Նախագահին պաշտոնանկ անելու վերաբերյալ ԱԺ որոշման նախագիծ մշակելու նախաձեռնությանը, որի տակ ստորագրել էր ընդամենը 3 պատգամավոր: «Եթե հիմքեր լինեին արտահերթ ընտրությունների, իշխանափոխության համար, եթե պահանջն այդքան մեծ լիներ, ինչպես իրենք են ներկայացնում, ապա այդ նախաձեռնության տակ կստորագրեին ոչ թե երեք, այլ շատ ավելի շատ պատգամավորներ»,- նշեց նա:

 

Պատգամավորն անդրադարձ կատարեց նաև ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագրի քվեարկությանը՝ հիշեցնելով, որ պայմանագրին կողմ է քվեարկել 107 պատգամավոր, որից միայն 68-ն են Հանրապետական խմբակցության ձայները, ինչն էլ ևս մեկ անգամ վկայում է այն մասին, որ Հայաստանում քաղաքական ճգնաժամ չկա: