ԱՄՆ-ն չի պատրաստվում Հայաստանի նկատմամբ փոխել իր վերաբերմունքը Եվրասիական տնտեսական միությանը Երևանի միանալու պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Փսակին:

 

Լրագրողները խնդրել էին նրան մեկնաբանել ՌԴ-ի Պետդումայի կողմից ԵՏՄ-ին Հայաստանի միանալու պայմանագիրը վավերացնելու որոշումը:

 

«Բոլոր երկրներն իրավունք ունեն զարգացման քաղաքական ու տնտեսական ուղիներ ընտրել՝ ելնելով իրենց շահերից: ԱՄՆ-ն կշարունակի համագործակցել Հայաստանի հետ՝ աջակցելու նրա ժողովրդավարական զարգացմանը»,- ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը:

 

ՌԴ Պետդուման դեկտեմբերի 10-ին վավերացրել է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու մասին պայմանագիրը: Պայմանագիրը Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Հայաստանի նախագահների կողմից ստորագրվել է Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի հոկտեմբերի 10-ի նիստում: Այն բազային փաստաթուղթ է, որը բովանդակում է ՌԴ-ի, Բելառուսի և Ղազախստանի պայմանավորվածությունները ԵՏՄ-ին Հայաստանի միանալու պայմանների վերաբերյալ և նպատակամղված է ընդհանուր Միության գործունեության իրավական հիմքի ձևավորմանը:

 

Պայմանագրի համաձայն՝ Հայաստանը ԵՏՄ-ի լիիրավ անդամ է դառնում պայմանագրի ուժի մեջ մտնելու պահից, այսինքն՝ մասնակից բոլոր երկրներում վավերացման ընթացակարգերի ավարտից հետո, բայց 2015 թվականի հունվարի 1-ից ոչ շուտ: