Վերջերս կառավարությունում տեղի ունեցած մի շարք փոփոխությունների շրջանակներում Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության արդեն նախկին ղեկավար Աբրամ Բախչագուլյանին փոխարինեց Արմեն Հայրապետյանը: Իհարկե, թեև Աբրամ Բախչագուլյանը ոլորտի մասնագետ չէր, սակայնբարեհաջող էր կատարում իր աշխատանքը:

 

Թվում է, թե հայրենի կառավարությունը վերջապես գիտակցել է ոլորտը պրոֆեսիոնալների տալու անհրաժեշտությունը և այդ պաշտոնին է նշանակել սննդամթերքի անվտանգության ոլորտի այնպիսի ռահվիրայի, գիգանտի, որի մասնագիտական կարողությունները դուրս են բոլոր կասկածներից:Ծառայության նորանշանակ պետը Սփյուռքի փոխնախարարն էր և… պատմության նախկին ուսուցիչ:

 

Ինքս լինելով պատմաբան՝ պատմական իրադարձությունների շղթայում ինձ անհայտ է մեր թագավորների և Հռոմի կայսրերի կողմից սննդամթերքի անվտանգության ոլորտի այնպիսի ռեֆորմ, որը կարող է ուսանելի լինել 21 դարում, հետևաբար վարկածը, որ պարոն Հայրապետյանը պետք էտեղայնացնի Օգոստոս կայսեր սննդային ռեֆորմները՝ այնքան էլ խելքին մոտ բան չէ: Միգուցե այդ ոլորտում այնքան պատմական իրադարձություններ են տեղի ունեցել, որ Ծառայության նորանշանակ պետն այնտեղ է գործուղվել՝ վերջապես գրելու հիմնաքարային «Պատմություն սննդոց» աշխատությունը. այդ մասին մեր աղբյուրները լռում են: Բայց այն, որ այս նշանակումից հետո ինքս, որպես պատմության նախկին դասախոս, հավակնում եմ ղեկավարել որևէ գինեկոլոգիական կլինիկա՝ կասկածից վեր է:

 

Ի վերջո, տիկնայք և պարոնայք, դուք ի զորո՞ւ եք կատարել որևէ նշանակում, որն աբսուրդի ժանրից չի լինի: Նույն Հայրապետյանի նշանակումը Սփյուռքի փոխնախարարի պաշտոնում երբեք խնդրահարույց չի եղել, որովհետև անկասկած է, որ երիտասարդ պատմության ուսուցչի համար շատ նորմալ է աշխատել այդ ոլորտում: Եթե նա այդքան անփոխարինելի կադր էր՝ իր կազմակերպչական ունակություններով և անհրաժեշտություն էր առաջացել պաշտոնեական առաջխաղացման՝ նշանակեիք մեկ աստիճան բարձր՝ Սփյուռքի նախարար, որտեղ հնարավորություն կունենար լիարժեքորեն դրսևորելու իր մասնագիտական կարողությունները: Միաժամանակ հասարակությանը կազատեիք տյոտ Հրուշի մշտնջենական ճնշող ներկայությունից:


Հայաստանում արդեն պաշտոնի են նշանակում ծայրահեղ անհասկանալի հայեցակարգով: Կամ իշխանության ամենաբարձր էշելոններ են խցկվում իրենց վաղուց սպառած զառամյալ կադրերը, կամ էլ, ասենք, որևէ գինեկոլոգ կարող է նշանակվել հումանիտար մասնագիտությունների գծով որևէ պաշտոնի: Ու մեզ՝ հասարակ մահկանացուներիս, այդպես էլ անհայտ է մնում, թե կառավարությունը որտեղից է պեղում այդպիսի ունիվերսալ կադրեր, որոնք հարմար են բոլոր տեսակի պաշտոնների համար:

 

Ինչ վերաբերում է Հայրապետյանի նշանակմանը, ապա դրա իրական դրդապատճառը հայտնի է դառնում, երբ ծանոթանում ենք իր հայտարարագրած գույքին և եկամուտներին: ՀԺ-ի հրապարակած փաստաթղթերի համաձայն՝ Հայրապետյանն ունի 2 հողամաս, 6 բազմաբնակարան բնակելի շենք և 3 ավտոտնակ, 3 ավտոմեքենա՝ «MERCEDES-BENZ S500L 4 MATIC», «NISSAN TEANA 250XV V6», «TOYOTA RAV 4 2.0 L» մակնիշների:

 

Պաշտոնը դադարեցնելու օրվա դրությամբ նրա դրամական միջոցները կազմել են 130 մլն դրամ և 700 հազար դոլար, ամբողջը միասին՝ ավելի քան 1 մլն դոլար:


Արմեն Հայրապետյանը հայտարարագրել է 8 տեղից ստացված շահաբաժին՝ 65 մլն դրամ և 190 հազար դոլար ընդհանուր արժեքով:


Ահա թե ինչպես է փողի քսակը բարձրացնում մարդու հասակը: Ջհանդամ, թե այդ ամենից համապատասխան ոլորտը հետ է շպրտվում ևս մի քանի տարով: Կարևորը՝ նորանշանակների գրպանը «տաք» լինի՝ դրանից բխող հետևանքներով…



Վարուժան Բաբաջանյան