ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետական հատուկ ծառայություն իրականացնող աշխատակիցը, 2014թ. օգոստոսի սկզբերին ծանոթանալով և շուրջ երկու ամիս մտերիմ հարաբերությունների մեջ գտնվելով Աննա Մ.-ի հետ, 2014թ. հոկտեմբերից որոշել է իր հետ հարաբերությունները խզելու համար վրեժխնդիր լինել վերջինից, և նրան վարկաբեկել մտերիմների, աշխատակիցների, ազգականների և այլ անձանց շրջանում:

 

Այդ նպատակով 2014թ. նոյեմբերի 28-ին և դեկտեմբերի 3-ին առանց Աննա Մ.-ի համաձայնության և թույլտվության համացանցի «www.odnoklassniki.ru» և «www.facebook.com» սոցիալական կայքերում նրա անվամբ իր ստեղծած անհատական էջում տեղադրել, ապա տարածել է Աննա Մ.-ի անձնական գաղտնիք համարվող տեղեկությունները' լուսանկարները, բնակավայրի հասցեն և հեռախոսահամարները, իսկ նշված լուսանկարների շարքում սոցիալական կայքերից ներբեռնել է այլ անձանց 4-5 պոռնկագրական բնույթի լուսանկարներ, ապա լուսանկարներով կայքէջից Աննա Մ.-ի ծանոթների և այլոց ինտերնետային էջերին այցելելու միջոցով' տարածել է նաև պոռնկագրական բնույթի լուսանկարները:

 

Դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունից ստացված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 144-րդ հոդվածով և 263-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն: