Լրագրողների նկատմամբ գրանցվել է ֆիզիկական բռնության յոթ դեպք՝ 2014 թվականի առաջին ինն ամսվա տվյալներով: Այս մասին դեկտեմբերի 12-ին լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը: Նա ընդգծեց, որ ցուցանիշը նույնն է եղել նաև նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ընթացք ում:

 

«Տարվա սկզբից էլ բռնություներ են եղել լրագրողների նկատմամբ: Լրագրողները գերադասում են կամ չբարձրաձայնել, անտեսել խնդիրը կամ էլ սեփական ուժերով հաղթահարել: Մեր կոմիտեն այժմ պատրաստում է տարեկան զեկույցը, և մենք հունվարին կհրապարակենք մեր զեկույցի արդյունքները»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Աշոտ Մելիքյանը:

 

Նրա խոսքով՝2013 թվականը լարված քաղաքական և հասարակական տարի էր՝ ընտրությունների առումով, և նման տարիներին սովորաբար ավելի շատ ճնշումներ են լինում: «2014-ը հարաբերականորեն հանգիստ տարի էր, սակայն ֆիզիակական բռնությունների քանակը չի պակասել, և դա շատ մտահոգիչ է: Առավել մտահոգիչ է, որ նման դեպքերում ներգրավված են իրավապահ մարմինների ներկայացուցիչները:

 

Մեղավորները պատասխանատվություն չեն կրում, դա պատճառ է հանդիսանում, որ իրավունքների խախտումները շարունակվում են»,-հավելեց Մելիքյանը:

 

«Հրապարակ» թերթի խմբագիր Արմինե Օհանյանը համոզված է, որ ճնշումներ լրագրողների նկատմամբ նաև այլ մեթոդներով են կիրառվում: «Կան բռնություններ և դրանք միայն գրանցված բռնությունները չեն, կան կոնկրետ դեպքեր, երբ կա բախում լրագրողի և պաշտոնյայի միջև, և կան հազարավոր դեպքեր էլ, որ չեն բացահայտվում: Դրանց մասին ոչ ոք չի իմանանում»,-համոզված է նա:

 

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի խոսքով՝ լրագրողի գործունեությունը խոչընդոտելը պատժելի արարք է: «Շատ դատապարտելի է և ամենևին չի նպաստում իրավական համակարգի կայացմանը և երկրում ազատ մամուլ ունենալու գաղափարախոսության տեսլականի և իրականության կերտմանը: Ցանկացած պաշտոնյա պետք է կոռեկտության շրջանակներում մնա և գործի միայն իրեն վերապահված իրավասությունների շրջանակում»,-ընդգծեց Արփինե Հովհաննիսյանը: