Ամերիկայի Միացյալ Նահանգները և դաշնակից երկրները վերջին 3 օրերի ընթացքում 27 ավիահարված են հասցրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերին Սիրիայում և Իրաքում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին տեղեկացրել են Պենտագոնի ներկայացուցիչները:

 

Հարվածների մեծ մասը իրականացվել է Իրաքի տարածքում: Զինվորականները 20 հարված են հասցրել մեծ քաղաքների, մասնավորապես, Մոսուլի և Ալ Քաիմայի շրջակայքում: Սիրիայում ռազմաօդային ուժերի թիրախները եղել են Քոբանին, Հալեպը և իրաք-սիրիական սահմանը:

 

ԱՄՆ ռազմաօդային ուժերը Իրաքում «Իսլամական պետության» դիրքերին առաջին հարվածները հասցրել են օգոստոսի 9-ին, իսկ Սիրիայում գործողությունը սկսվել է սեպտեմբերի 23-ին: Այդ պահից սկսած՝ ԱՄՆ-ն և դաշինքի անդամները արդեն ավելի քան 1000 ավիահարվածներ են հասցրել իսլամիստների դիրքերին: