«Իսլամական պետության» ազգությամբ արաբ ահաբեկիչներից մեկը դեկտեմբերի 12-ի գիշերը ինքնահրկիզվել է Դեր Զորի ռազմական օդանավակայանի մերձակայքում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, պայթյունից հետո օդանավակայանի մերձակայքում գտնվող Հուեյջա Սաքր շրջա նում, որը գտնվում է Դեր Զոր քաղաքի ծայրամասում, թեժ բախումներ են սկսվել ԻՊ-ի և սիրիական բանակի, ազգային պաշտպանական ուժերի միջև: Ակտիվիստների տեղեկացմամբ' ահաբեկիչները սկսել են ռմբակոծել օդանավակայանը, իսկ սիրիական բանակը ռմբակոծել է Հուեյջա Սաքր և մերձակայում գտնվող շրջանները: Երկու կողմերը մարդկային մեծ կորուստներ են ունեցել:

 

Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ սաուդացի ապստամբներից մեկը փորձել է ականապատ մեքենա պայթեցնել օդանավակայանի մերձակայքում: Սակայն, բանակը կրակ է բացել մեքենայի ուղղությամբ, և այն հաջողվել է կանգնեցնել նախքան օդանավակայանին մոտենալը: Տեղի ունեցած պայթյունից ավելի քան 20 ահաբեկիչներ են սպանվել: Օդանավակայանը շարունակում է գործել և մնալ բանակի հսկողության տակ:

 

Դեր Զորի ռազմական օդանավակայանը համարվում է Եփրատ գետի ավազանի հարավային շրջանում կառավարական ուժերի վերջին հենակետը: Դեկտեմբերի 4-ին ԻՊ-ին հաջողվել էր վերահսկողություն հաստատել օդանավակայանի մերձակայքում գտնվող Հուեյջա Սաքր և ալ Ջաֆրա բնակավայրերի վրա: