Լեռնային Ղարաբաղի հակամարտության առնչությամբ Վրաստանը պետք է ունենա հավասարակշիռ դիրքորոշում՝ համաձայն հակամարտության կարգավորման միջազգայնորեն ընդունված երեք սկզբունքների: Այս հարցում Վրաստանի որեւէ այլ դիրքորոշում չի կարող ընդունելի լինել Հայաստանի համար: Տեսակետը «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության ղեկավար, քաղաքագետ Կարեն Բեքարյանի նն է:

 

«Այս հայտարարությունը նախ մեզ համար է ազդանշան, նաեւ ազդանշան մեր երկկողմ հարաբերություններում, որի օրակարգում, անկախ այն հանգամանքից, որ որոշ հարցերի կարելի է վերաբերվել ըմբռնումով,' հաշվի առնելով նման հարցի առնչությամբ որոշ հարցեր, բայց, միեւնույն ժամանակ, պետք է լինել զգոն ն տարաբնույթ հարցերում սեւը սպիտակից, թացը չորից տարբերելու սկզբունք կիրառել, որպեսզի ամեն ինչ չնույնացվի: Չեմ կարծում, որ հարցը չի կարելի հասցնել այն վիճակին, որ հասկացվի, ըմբռնվի եւ հաշվի առնվի: Խնդիրը հետեւյալն է' մեր ակնկալիքն է Վրաստանից Լեռնային Ղարա բաղի հարցում ունենալ հավասրակշռված դիրքորոշում: Ցանկացած ժամանակ, երբ այդ դիրքորոշումը աղավաղվում է' այն չի կարող հայկական կողմի համար ընդունելի լինել»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Կարեն Բեքարյանը:

 

Քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովի գնահատմամբ էլ' կարելի է ընդունել Վրաստանի դիրքորոշումն այս հարցում, բայց հասկանալ' ոչ:

 

«Մի կողմից հասկանալի է Վրաստանի դիրքորոշումը, որ նրանք ունեն կորցրած երկու տարածք, եւ, հաշվի առնելով այդ հանգամանքը, նման մոտեցումը Վրաստանի կողմից կարելի է հասկանալ, բայց չընդունել: Բնականաբար, այս բնույթի հայտարարությունները ցույց են տալիս, թե տարածաշրջանում ինչպիսին է իրավիճակը, եւ որ երկրներն են, որ իրար հետ համակարծիք են: Այս տեսակից Վրաստանի մոտեցումը չի արտացոլում այն ընդհանուր ձեւաչափը, կարգավորման սկզբունքները, որոնք այսօր առկա են ընդհանուր բանակցային գործընթացի հետ կապված: Հետաքրքրական կլինի լսել Վրաստանի վարչապետի կամ նախագահի տեսակետն այս հարցի առնչությամբ»,- ասաց Մարգարովը' հավելելով, որ Հայաստանը միշտ ըմբռնումով է մոտեցել տարածաշրջանում տեղի ունեցող հակամարտություններին, բայց դա պետք է ենթադրի, որ Վրաստանն էլ պետք է ցուցաբերի նույն համարժեքությունը:

 

Վրացագետ Ալիկ Էրոյանցի խոսքով էլ հանգամանքը, որ Վրաստանը նման ոճով է հայտարարություն անում' պայմանավորված իր երկերի հակամարտությունների հետ, եւ դա չի նշանակում, որ Վրաստանը համամիտ է ադրբեջանական կարծիքին, որ Հայաստանն «օկուպացրել» է իր տարածքի քսան տոկոսը: «Պարզապես, այս կերպ Վրաստանն իր կարծիքին է հայտնում, որ միջազգային նորմերով' հարցը պետք է լուծվի տարածքային ամբողջականության միջոցով' հաշվի առնելով հանգամանքը, որ իրենք էլ երկու նմանատիպ խնդիր ունեն»,- նշեց Էրոյանցը:

 

Դեկտեմբերի 10-ին Վրաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարները Կարսում հանդիպման ժամանակ տարածաշրջանային հակամարտությունների վերաբերյալ համատեղ հայտարարությամբ են հանդես եկել:

 

«Քննարկելով տարածաշրջանում առկա իրավիճակը՝ մենք փոխադարձաբար վերահաստատում ենք աջակցությունը միմյանց ինքինիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը: Այս առթիվ մեկ անգամ ևս կոչ ենք անում շուտափույթ կերպով հանգուցալուծել Ադրբեջանի Հանրապետության Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում և դրա շուրջ ծավալված հակամարտությունը, ինչպես նաև Վրաստանի տարածաշրջաններում' Աբխազիայում և Ցխինվալիում (Հարավային Օսիա) առկա կոնֆլիկտները: Այս հակամարտությունները պետք է կարգավորվեն միջազգային իրավունքի հիմնարար նորմերի' մասնավորաբար ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միջազգայնորեն ճանաչված սահմանների անքակտելիության սկզբունքների վրա», - նշված է Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների կողմից Կարսում ընդունված համատեղ հայտարարության մեջ: