Ֆրանսիայի Պուատիե նահանգի Լուսինյան քաղաքում դեկտեմբերի 13-ին տեղի է ունեցել Հայոց վերջին թագավոր Լևոն Հինգերորդի (հայկական պատմագրության մեջ հիշատակվում է նաև որպես Լևոն VI), Ֆրանսաիայի ազատության համար ընկած մարտիկների և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի հանդիսավոր բացման և օծման արարողություն: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիթեչյանը։ Հանդիսությանը մասնակցել են նաև Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Ժան-Միշել Կլեմանը, Պուատիեի նահանգային խորհրդի նախագահ Քլոդ Բերթոն, Լուսինյանի քաղաքաքապետ Ռենե Ժիբոն, Ֆրանսիայից ու հարակից երկրներից ժամանած հարյուրավոր հայեր, հյուրեր:

 

Հայկական տուֆից քանդակված խաչքարը տեղադրվել է Լուսինյանի քաղաքապետարանի, «Արարատ» ասոցիացիայի, «Ֆրանսահայ նախկին ռազմիկների և դիմադիրների ասոցիացիայի» և Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող հանձնաժողովի համատեղ ջանքերով, իսկ օծման կարգը կատարվել է Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանի կողմից, աղոթել է նաև Եվրասիայի Հայ Ավետարանչական եկեղեցիների միության նախագահ Վերապատվելի դոկտոր Ռենե Լևոնյանը։ Այնուհետև ծաղկեպսակ է դրվել խաչքարի մոտ:

 

Իրենց ողջույնի խոսքում Ժան-Միշել Կլեմանը և Քլոդ Բերթոն բարձր են գնահատել հայ համայնքի դերը Ֆրանսիայի կյանքում, հայ-ֆրանսիական բարեկամության ամրապնդման գործում։ Քաղաքապետ Ռենե Ժիբոն նշել է, որ Լուսինյանը հայկական արմատներով ֆրանսիական քաղաք է, որտեղ այցելող հայերը այսուհետ իրենց պետք է տանը զգան։

 

Նախարար Հրանուշ Հակոբյանը, բարձր գնահատելով և խորհրդանշական համարելով խաչքարի տեղադրումը Ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին, նշել է. «Պահը պատմական է, բարոյական է, քաղաքական է և ազգային է։ Քաղաքի այցելուին խաչքարը կհիշեցնի հինգ կարևոր փաստ. այն, որ հայերը հազարամյակների պատմություն ու Կիլիկյան թագավորություն են ունեցել, մեր Կիլիկիայի վերջին թագավորը Լևոն V-ն է, ով իր վերջին հանգրվանն է գտել Ֆրանսիայում: Խաչքարը նվիրված է նաև Ֆրանսիայի ազատագրման համար զոհված հայ մարտիկներին, ովքեր խաղաղություն, ազատություն պարգևեցին այս հրաշալի երկրին: Այն մարմնավորում է հայ–ֆրանսիական դարավոր բարեկամությունը և, ի վերջո, Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: Ընդամենը ամիսներ հետո առաջադեմ մարդկության հետ մենք ոգեկոչելու ենք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը և հայտարարելու ենք' «Հիշում եմ և պահանջում»: Թուրքը պետք է իմանա, որ մենք չենք լռելու, մենք պահանջելու ենք, որ ճանաչի հայ ժողովրդի և մարդկության դեմ գործած իր աննախադեպ ոճրագործությունը, փոխհատուցի և հետևանքները վերացնի»:

 

Խաչքարի տեղադրմանն օժանդակելու և հայապահպանության գործում ունեցած ավանդի համար ՀՀ սփյուռքի նախարարության պատվոգրերով ու շնորհակալագրերով են պարգևատրվել Անդրե Վալոտան, Անտուան Բաղդիկյանը, Լիդիա Կայմակյանը, Դանիել Արթինյանը, Երվանդ Բերբերյանը և Ֆրեդերիկ Ֆրինգյանը։

 

Նախարարն այցելել է քաղաքի թանգարանում բացված «Լուսինյանները և Հայաստանը» ցուցահանդես, որտեղ ներկայացված է եղել Լուսինյան թագավորական տոհմի ամբողջ պատմությունը։ Սփյուռքի նախարարը եղել է նաև Ֆրանսիայի ազատագրման համար մարտնչած հայ ռազմիկներին նվիրված ցուցահանդեսին:

 

Այնուհետև տեղի է ունեցել Լևոն V-ին նվիրված կոնֆերանս, որտեղ Քլոդ Մութաֆյանը հանդես է եկել «Լուսինյանները և Հայաստանը 13-14րդ դարերում» թեմայով զեկուցումով' հանգամանալից ներկայացնելով Կիլիկյան Հայաստանի պատմությունը։ Կոնֆերանսում ելույթ է ունեցել նաև Հրանուշ Հակոբյանը և բանախոսին պարգևատրել է ՀՀ սփյուռքի նախարարաության «Մայրենիի Դեսպան» մեդալով' Հայագիտության ոլորտում իր բերած նպաստի, Հայոց լեզվի ու պատմության հանրահռչակման ու հայապահպանության գործում ունեցած մեծ ավանդի համար։

 

Նույն օրը երեկոյան տեղի է ունեցել հանդիսավոր ընդունելություն Լուսինյանի քաղաքապետ Ռենե Ժիբոյի անունից, որին ներկա են եղել շուրջ 250 հայեր։ Ազգային և ժողովրդական պարերի կատարումներով հանդես է եկել Պուատիե քաղաքի հայկական պարախումբը։ Նախարարը շնորհակալություն է հայտնել Լուսինյանի քաղաքապետին քաղաքի կենտրոնում հիանալի տարածքի տրամադրման ու օժանդակության համար և, բարձր գնահատելով նրա հայանպաստ գործունեությունը, պարգևատրել է ՀՀ սփյուռքի նախարարության Ոսկե մեդալով։ Հրանուշ Հակոբյանը նաև առաջարկել է Լուսինյան քաղաքը քույրացնել Հայա ստանի որևէ քաղաքի հետ, որը քաղաքապետն ընդունել է մեծ ոգևորությամբ։

 

Կիրակի առավոտյան նախարար Հակոբյանը և դեսպան Չիթեչյանն այցելել են քաղաքի Մայր տաճար, որը կառուցվել է 1024թ.-ին Լուսինյան տոհմի կողմից, ուր հայերեն և ֆրանսերեն լեզուներով մատուցվել է Սուրբ պատարագ և կատարվել է հոգեհանգստյան կարգ' ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի, Ֆրանսիայի ազատագրման համար ընկած ռազմիկների, Արցախի հերոսամարտի ժամանակ զոհվածների։

 

Նախարարը հանդիպումներ է ունեցել Թուլուզի, Բորդոյի, Փարիզի, Պուատիեի, ինչպես նաև Նիդերլանդներից ժամանած հայ համայնքի ներկայացուցիչների հետ. Քննարկվել են համայնքներում կատարված աշխատանքները, ձեռքբերումներն ու ապագա անելիքները, բարձրացվել են նաև լուծում պահանջող մի շարք հարցեր, որոնց լուծման համար նախարարը պատրաստակամություն է հայտնել օժանդակություն կազմակերպել: