Ախալքալաքի խանութների բոլոր սեփականատերերը դեկտեմբերի 15-ի առավոտյան, ի նշան խոշոր տուգանքների դեմ բողոքի, փակել են իրենց խանութները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին:

 

Քաղաքի վարչության շենքի դիմաց ընթանում Է խանութների տերերի բողոքի խաղաղ ակցիան: Հավաքվել են մթերային, կենցաղային եւ այլ խանութների սեփականատերերը: Նրանք պահանջում են դադարեցնել խանութների վրա «անօրինականորեն ու զանգվածաբար» տուգանքներ դնելը:

 

«Ինձ տուգանել են չորս ամիս առաջ: Ես մթերային խանութ ունեմ, փոքր մետաղյա կրպակ: Ինձ տուգանել են 48 հազար լարիի չափով, չգիտեմ՝ ինչու, նույնիսկ նրանք իրենք չգիտեն: Ես դատի եմ տվել Թբիլիսիում: Երկու անգամ լսումներ են եղել դատարանում, բայց առայժմ որոշում չի ընդունվել, գործը դեռեւս չի ավարտվել: Ես իմ խանութը չեմ բացի, քանի դեռ հարցը չի լուծվել: Նույնիսկ Նոր տարին չեմ նշի, բայց խանութս չեմ բացի»,-ասում Է ակցիայի մասնակիցներից մեկը:

 

Ինչպես նշում Է JNews, «առայժմ ակցիան ընթանում Է հանգիստ, խաղաղ, առանց պլակատների ու բարձրագոչ պահանջների»: