Այսօր Ազգային ժողովում ժամը 18:30-ին արտահերթ նիստ է հրավիրվելու: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

 

Նշենք, որ ոչ իշխանական 4 խմբակցություն՝ Հայ Ազգային Կոնգրեսը, ԲՀԿ-ն, «Ժառանգությունը» և ՕԵԿ-ը բոյկոտել են այսօրվա նիստը: ՀՅԴ-ն չի բոյկոտում այն:

 

Արմեն Ռուստամյանը նշեց, որ այս բոյկոտի ինքնանպատակ կիրառումն ինքը չի հասկանում:

 

«Հնարավոր չէ այդ պահանջը բավարարել: Դա հրավիրող կողմն է որոշում, արտահերթ նիստը նախաձեռնել է կառավարությունը»,- ասաց Ռուստամյանը:

 

Իսկ այն հարցին, թե ինչպես կմեկնաբանի այն հանգամանքը, որ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի վրա հարձակված կասկածյալ անձն ազատ է արձակվել, Ռուստամյանն ասաց, որ իրենք խնդիր ունեն ոչ թե իրավական դաշտ մտնելու, այլ քաղաքական գնահատական տալու և իրենք դատապարտելի ու անընդունելի են համարում պատգամավորի հետ տեղի ունեցածը: