Թեհրանը դատապարտում է պատանդառումը ավստրալական Սիդնեյում, որը կատարվել է իրանցի Մեն Հերոն Մոնիսի կողմից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է Իսլամական Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրության մեջ:

 

«Նման անմարդկային մեթոդների օգտագործումը եւ հանուն իսլամի վախ ու խուճապ առաջացնելը չի կարելի արդարացնել ոչ մի պարագայում»,- Press TV հեռուստաալիքը մեջբերել է Իրանի ԱԳ նախարարության ներկայացուցիչ Մարզիե Աֆհամի հայտարարությունը:

 

Նա նաեւ նշել է, որ ավստրալական ոստիկանությունը լիովին իրազեկված է եղել չարագործի հոգեական խնդիրների մասին: Ավելի ուշ այդ տեղեկատվությունը հաստատել է Ասվտրալիայի վարչապետ Թոնի Էբոթը, որը դեկտեմբերի 16-ին ելույթ է ունեցել Կանբերայում կայացած մամուլի ասուլիսում: «Հանցագործն արդեն հայտնվել էր իշխանությունների տեսադաշտում: Նա դաժան հանցագործությունների, ծայրահեղականությամբ տարվելու եւ հոգեական անկայունության հետ կապված մեծ անցյալ ունի»,- հայտնել է կառավարության ղեկավարը:

 

Մեն Հերոն Մոնիսը, որը հայտնի է նաեւ որպես «շեյխ Հարոն», Սիդնեյի կենտրոնում գտնվող Lindt սրճարանում պատանդ էր վերցրել 17 մարդու, որոնց նա պահել է 16 ժամ: Նա պահանջում էր իրեն տրամադրել «Իսլամական պետություն» խմբավորման դրոշը, ինչպես նաեւ հայտարարում էր, որ ցանկանում է խոսել Ավստրալիայի վարչապետ Թոնի Էբոթի հետ: Ոստիկանությունը ազատել է պատանդներին, սակայն գրոհի ընթացքում զոհվել է երեք, վիրավորվել՝ հինգ մարդ, ներառյալ մի ոստիկան: Սպանվածների թվում է նաեւ հանցագործը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: