Եվրամիությունը տեղյակ է Հայաստանում ընդդիմադիր գործիչների դեմ հարձակումների առնչությամբ եւ շատ շուտով դեպքերի վերաբերյալ հանդես կգա պաշտոնական հայտարարությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ' դեկտեմբերի 16-ին լրագրողների հետ հանդիպմանը նման հայտարարություն արեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան:
«Ներկայումս ես կցանկանայի խուսափել այդ հարցի վերաբերյալ դիրքորոշում արտահայտելուց: Շատ շուտով մենք մեր ԵՄ գործընկերների հետ հայտարարություն կտարածենք այդ միջադեպերի հետ կապված», - ասել է Տրայան Հրիսթեան:
Դեկտեմբերի 11-ի երեկոյան իր տան մոտ հարձակման էր ենթարկվել ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: Դրանից մի քանի օր առաջ ծեծի էին ենթարկվել Արցախյան պատերազմի մասնակիցներ Ռազմիկ Պետրոսյանը, Մանվել Եղիազարյանը եւ Սուրեն Սարգսյանը: Ավելի վաղ հրդեհվել էին Նախախորհրդարանի անդամների մեքենաները: Այս բոլոր գործերի առնչությամբ ՀՀ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ եւ ընթանում է նախաքննություն: