Հայաստանի Հանրապետության կառավարությունը դեկտեմբերի 17-ին կարող է հանդես գալ հայտարարությամբ՝ կապված դրամի արժեզրկման հետ:

 

Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը՝ անդրադառնալով դրամի արժեզրկմանը, գնաճին և հասարակության շրջանում տիրող խուճապային տրամադրություններին : «Ինձ համար դժվար է դրա մասին մասնագիտական մեկնաբանություն տալ, քանի որ ինքս դրա մասնագետը չեմ:

 

Այսօր կառավարությունում այդ հարցով քննարկումներ են լինելու: Չեմ բացառում, որ կառավարությունը վաղը հանդես կգա հայտարարությամբ: Իսկապես, կան խուճապային տրամադրություններ, և պետք են լուծումներ, որոնց մասին մենք շուտով կխոսենք»,- նշեց նա' հավելելով, որ խուճապը միշտ չէ, որ հիմքեր ունի, և այսօրվա խուճապը հնարավոր է, որ նույնպես հիմքեր չունենա:

 

Հարցին' կառավարությունը կմասնակցի՞ ընդդիմադիր քաղաքական ուժերի հրավիրած արտահերթ նիստին, որը դրամի արժեզրկման ու գնաճի վերաբերյալ է լինելու, Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Ես կարծում եմ' քննարկումները պետք է լինեն փակ, լուծումները' բաց»:

 

Նա հայտնեց, որ այս պահին ամենագլխավոր խնդիրն ազգային արժույթի կայունացումն է, որից հետո կարող են անցնել մնացած խնդիրների լուծմանը: Հարությունյանը դժվարացավ խոսել արտահերթ նիստի նպատակահարմարության մասին, որովհետև, ըստ նրա, Ազգային ժողովը ուղիներ որոնելու և լուծումներ տալու մասնագիտական մարմին չէ: «Կառավարությունում, իսկապես, մտահոգված են այդ հարցով»,- եզրափակեց Դավիթ Հարությունյանը: