Ադրբեջանցի քաղաքական հոգեբան Սամիր Գասըմլըն հայտարարել է, որ սոցիալական խնդիրներն ու ինքնասպանությունների աննախադեպ աճն Ադրբեջանում ներկայիս քաղաքական համակարգի «պտուղներն» են: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Գասըմլըն հայտնել է minval.az լրատվական կայքին տված հարցազրույցում:

 

«Անցնող տարին Ադրբեջանում հիշվում է բռնաճնշումներով, քաղաքացիների ենթագիտակցական չբավարարվածությունը ժամանակ առ ժամանակ արտահայտվել է ցուցադրական ինքնասպանությունների փորձերով եւ իրավապահների վրա հարձակումներով: Իր հերթին իշխանությունը ցույց է տվել իր թաքնված տագնապը, եւ հենց այս տարի է խաթարվել քաղաքական վարչակարգի «ժամանակակից վարկը», որի մեջ հսկայական գումարներ են ներդրվել», -ասել է նա:

 

Նրա կարծիքով' ադրբեջանական իշխանություններին շատ լավ հաջողվում է լվանալ մարդկանց ուղեղները: «Հասարակության զգալի մասի տեղեկացված չլինելու եւ անգրագիտության պատճառով իշխանություններին հեշտությամբ հաջողվում է խեղաթյուրել ճշմարտությունը եւ ազդել մարդկանց ներկայիս Ադրբեջանի իրական կերպարի պատկերացումների ու ընկալունակության վրա», -նշել է հոգեբանը:

 

Գասըմլըի խոսքով' դա է պատճառը, որ մարդիկ հավատում են իշխանությունների կողմից անընդհատ կրկնվող այն խաբեությանը, թե «ոչ մի համաշխարհային ճգնաժամ չի կարող ազդել Ադրբեջանի տնտեսության վրա, քանի որ սեւ ոսկի ունի»: «Մինչեւ մեր մարդիկ ռեալ չտեսնեն եւ չզգան ֆինանսական անբավարարություն երկրում, որեւէ հասարակական դժգոհության դրսեւորում դիտել չենք կարող», -նշել է նա:

 

Նրա կարծիքով' մարդկանց հրապարակային ինքնասպանության դրդող խնդիրները, ստեղծված իրավիճակի աղբյուրը հանդիսանում է ներկայիս քաղաքական համակարգը: «Եվ սոցիալական խնդիրները, եւ մարդու իրավունքների խախտումները, անարդար դատական գործընթացներն ու մնացած բոլոր բացասական երեույթները հանդիսանում են ներկայիս քաղաքական համակարգի «պտուղները», -ասել է Գասըմլըն:

 

Քաղաքական հոգեբանը նշել է, որ Ադրբեջանում մարդիկ ցանկանում են ամեն գնով պատգամավոր դառնալ անձեռնմխելիություն ձեռք բերելու համար, որպեսզի թաքնվեն օրենքի կողմից հետապնդումից, մնացածների համար էլ դա հանդիսանում է հեշտ եւ արագ հարստանալու հնարավորություն:

 

Ադրբեջանի իշխանությունները երկրում ինքնասպանությունների պաշտոնական վիճակագրություն չեն հրապարակում, սակայն, ադրբեջանական ԶԼՄ-ների համաձայն' 2014 թ-ին այդ երկրում արդեն 225 ինքնասպանության դեպք է տեղի ունեցել, որոնցից 15-ը անչափահասներ են եղել:13 ինքնասպանության դեպք էլ գրանցվել է Ադրբեջանի զինված ուժերում:

 

Ադրբեջանում այս տարվա ընթացքում ինքնահրկիզման են դիմել արդեն 13 քաղաքացիներ, որոնցից 7-ը' ղարաբաղյան պատերազմի հաշմանդամներ: Նրանք այդ քայլին են դիմել իրենց իրավունքները իշխանություններից կողմից խախտվելու, կաշառք պահանջվելու եւ այլ պատճառներով: