Քանի որ վերջին օրերի ընթացքում մեծ հետաքրքրություն է ցուցաբերվել նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի գործողությունների նկատմամբ, կարելի էր սպասել, որ շատ հարցեր կառաջանան նրա գործողությունների պատճառների և բնույթի մասին: Եվ չնայած հացադուլ հայտարարած նախագահի թեկնածուն այս օրերին հանգամանորեն բացատրել է իր գործողությունների նպատակն ու շարժառիթները, անհրաժեշտություն կա մանրամասնել նրա առաջարկությունը հասարակության և ընտրությունների մասնակիցների համար:
Նախ ուզում ենք ևս մեկ անգամ անդրադառնալ Անդրիաս Ղուկասյանի պահանջին: Նա չի ճանաչում ընտրությունների օրինականությունը և գտնում է, որ պետք է վերջ տալ ռեժիմի կողմից հասարակության վզին փաթաթած ֆարսը: Նա հստակ պահանջում է, որ Հանրապետական կուսակցության թեկնածու Սերժ Սարգսյանը չպետք է մասնակցի ընտրություններին, ինչը կարող է լինել միակ պայմանը, որպեսզի ընտրությունները անցնեն օրինական ճանապարհով: Միայն այդ ճանապարհով է հնարավոր ընտրությունները ազատել այն զավթած Հանրապետական կուսակցությունից:
2007թ.-ից սկսած իշխող կուսակցությունն է ձևավորել իրեն հարմար ընտրական օրենսգիրքը և կաշառքի ու ադմինիստրատիվ ռեսուրսի միջոցով հասարակությունից խլել է ազատ և օրինական ընտրությունների հնարավորությունը: Այդպիսով իշխող կուսակցությունը չարաշահում է իր դիրքը պետության մեջ ու բարեխիղճ մրցակից չէ ընտրությունների մյուս մասնակիցների նկատմամբ: Այս իրավիճակը բերել է նրան, որ հասարակությունը այլևս հետաքրքրված չէ ընտրություններով և չի վստահում պետական ինստիտուտներին: Նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը դիմել է ԿԸՀ, որպեսզի զրկեն ՀՀԿ-ին ընտրություններին մասնակցելու հնարավորությունից, սակայն ստացել է բյուրոկրատական մերժում: Հենց մերժումն էլ հիմք է հանդիսացել, որպեսզի Անդրիաս Ղուկասյանը ի նշան բողոքի հայտարարի հացադուլ:
Նա նաև պահանջել է միջազգային դիտորդներից՝ լքել Հայաստանը, քանի որ նրանց մասնակցությունը ընտրություններին չի կարող կառուցողական բնույթ ունենալ, երբ Հայաստանի իշխանությունները չեն կատարում մրցակցային ընտրություններ ապահովելու մասին ստանձնած միջազգային պարտավորությունները: Ավելին՝ նրանց կողմից ընտրությունների ճանաչումը իշխանություններին հնարավորություն է տալիս ռեպրեսիվ ուժ կիրառել քաղաքացիների նկատմամբ: Եվ այսօր էլ նրանք պատասխանատվություն են կրում մեր երկրում կազմակերպվող շինծու ընտրությունների համար: Անդրիաս Ղուկասյանը անգամ պատրաստ է դադարեցնել հացադուլը, եթե միջազգային դիտորդները լքեն Հայաստանը:
Անդրիաս Ղուկասյանը նաև դիմել է բոլոր առաջադրված թեկնածուններին՝ հրաժարվել շինծու ընտրություններին մասնակցելուց: Եվ առաջարկել է միանալ քաղաքացիական շարժմանը, որպեսզի վերջ դրվի շինծու ընտրություններին:
Կասկած չկա, որ Անդրիաս Ղուկասյանի պահանջը համահունչ է օրինապահ քաղաքացիների պահանջին: Ըստ էության, Անդրիասը առաջարկում է Հայաստանի քաղաքացիներին ինքնուրույն կողմնորոշվել Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող հարցի շուրջ՝ ունենա՞լ, թե չունենալ ազատ ընտրությունների ինստիտուտ Հայաստանում: Անցել են «վերևից ուսմունքներ» կարդալու ժամանակները, եկել են նոր ժամանակներ, որտեղ քաղաքացին ինքը պետք է ինքնորոշվի և ինքը անձամբ ընտրի պայքարի իր միջոցները: Մենք հստակ ձևակերպել ենք քաղաքական խնդիրը. քաղաքական կուսակցությունը, որը ճնշել է ազատ ընտրությունները և ստիպել է քաղաքացիներին հնազանդվել իրավիճակի հետ, իրավունք չունի մասնակցելու ընտրություններին: Այն քաղաքացիները, ովքեր համաձայն են այդ ձևակերպման հետ, կարող են միանալ մեզ այդ նպատակին հասնելու համար:
Հացադուլի հասցեատերը հասարակությունն է, և հասարակությունը պետք է արտահայտի իր վերաբերմունքը ստեղծված իրավիճակին:
Նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի մամուլի ծառայություն