ԼՂՀ Ազգային ժողովի 10-րդ նստաշրջանի հերթական լիագումար նիստը տեղի է ունեցել դեկտեմբերի 18-ին, որը վարել է խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը։ Նիստին ներկա են եղել կառավարության բոլոր անդամները՝ վարչապետ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ։

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ Ազգային Ժողովի մամլո ծառայությունից, խորհրդարանն առաջինը քննարկեց «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի մասին» ԼՂՀ օրենքի նախագիծը, որի հիմնական ուղղությունների ու գերակայությունների վերաբերյալ զեկուցմամբ հանդես եկավ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարը։

 

Սպարտակ Թեւոսյանն անհրաժեշտ պարզաբանումներ է տվել նաեւ պատգամավորների բարձրացրած հարցերին՝ կապված բյուջեի նախագծի վերաբերյալ կառավարություն ուղարկված առաջարկությունների եւ ներկայի ս ֆինանսական իրավիճակի ու արժութային շուկայում գրանցված տատանումների հետ։

 

Ազգային ժողովից բյուջեի նախագծի վերաբերյալ հարակից զեկուցումներով հանդես եկան ֆինանսաբյուջետային եւ տնտեսական կառավարման հարցերի ու պաշտպանության, անվտանգության եւ օրինապահպանության մշտական հանձնաժողովների նախագահներ Արպատ Ավանեսյանը եւ Ժաննա Գալստյանը։

 

Հավանություն տալով ԼՂՀ 2015 թվականի պետական բյուջեի նախագծի կազմում ԱԺ ներկայացված ծրագրերին՝ խորհրդարանը քննարկեց նաեւ բյուջեի նախագիծնուղեկցող օրենքների նախագծեր («Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց սոցիալական երաշխիքների մասին» եւ դրան ուղեկցող օրենքների նախագծերի փաթեթը, «Պետական կենսաթոշակների մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բյուջետային համակարգի մասին ԼՂՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրինագծերը)։

 

«Ազգային ժողովի կանոնակարգ» ԼՂՀ օրենքի համաձայն պետական բյուջեի նախագծի քննարկումն ընդմիջվեց առնվազն 4 օրով․ պատգամավորներն ու քաղաքական խմբակցությունները հնարավորություն ունեն երկրորդ փուլով առաջարկություններ ներկայացնել կառավարություն, որի պատասխանների հիման վրա խորհրդարանը 2015 թվականի Արցախի գլխավոր պետական ֆինանսական փաստաթուղթը քննության կառնի հաջորդ լիագումար նիստին։

 

Ազգային ժողովի լիագումար նիստում քննարկվեցին եւ ընդունվեցին «Փաստաբանության մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքը, «Հարկերի մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին եւ հարկային օրենսդրությանը վերաբերվող եւս ութ օրինագծեր, ինչպես նաեւ առաջին ընթերցմամբ ընդունվեց «ԼՂՀ 2015-2017թթ. պետական վիճակագրական աշխատանքների եռամյա ծրագիրը հաստատելու մասին» օրենքը։