ԱՄՆ պետքարտուղարի ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ աշխատանքի հարցերով օգնական Թոմ Մալինովսկին «Ազատություն» ռադիոկայանի ռուսալեզու «Նաստոյաշչեե վրեմյա» հեռուստածրագրին տված հարցազրույցում հանդես է եկել Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիեւին ուղղված զգուշացնող հայտարարություննե րով:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ն, անդրադառնալով Ադրբեջանում բռնատիրական իրավիճակին, այդ թվում' լրագրող Խադիջա Իսմայլիովայի ձերբակալությանը, Մալինովսկին հայտարարել է, որ «քաղաքացիական հասարակության խեղդումը հարցականի տակ է դնում ԱՄՆ-ի հետ Ադրբեջանի հարաբերությունները»:

 

«Ինչպես ամեն տեղ, Ադրբեջանում եւս ոչ ոք հանգիստ կերպով իր մտքերն արտահայտելու եւ լրագրողական գործունեության համար չպետք է ձերբակալվի: Մենք Ադրբեջանի ղեկավարությանը միանշանակորեն հաղորդել ենք, որ ցանկանում ենք բոլորին, այդ թվում' «Ազատություն» ռադիոկայանի աշխատակցին, տեսնել ազատության մեջ: Ներկայում այդ հարցի շուրջ մենք Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության մակարդակով քննարկումներ ենք անցկացնում:

 

ԱՄՆ-ում չեն հասկանում վերջին ամիսներին Ադրբեջանում տեղի ունեցող իրադարձությունները: Այդ քայլերը հարցականի տակ են դնում մեր հա րաբերությունները: Կարծում եմ, նրանք լավ են հասկանում, որ քաղաքացիական հասարակության նկատմամբ ճնշումները վտանգում են ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները: Այնպես որ, հերթական քայլը Ադրբեջանի ղեկավարությանն է», -ասել է ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնականը: