Արտագնա աշխատանքում զբաղված Գեղարքունիքի մարզի հարյուրավոր տղամարդիկ հիմնականում տուն են վերադարձել եւ իրենց ընտանիքների հետ նախապատրաստվում են Նոր տարվա տոնական դիմավորմանը:

 

Բնակչությունն այս օրերին արդեն սկսել է ակտիվ գնումները՝ ամենատարբեր մթերքներից սկսած եւ խաղալիքներով ու արհեստական տոնածառերով վերջացրած, որոնք բնակարանները կզարդարեն դեկտեմբերի երրորդ տասնօրյակի ընթացքում: Դրամական շուկայում ստեղծված անկայուն վիճակը, դրամի կուրսի տատանումները մարդկանց հարկադրում են օր առաջ ավարտել գնումները՝ Ամանորի նախաշեմին գների նոր բարձրացման մտավախությամբ:

 

Դեկտեմբերի երկրորդ կեսից սկսած՝ Գեղարքունիքի մարզի բնակչությունը,պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները, հիմնարկները, կազմակերպությունները սկսել են նախապատրաստվել Ամանորի տոներին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմից, մարզի քաղաքային եւ գյուղական բոլոր համայնքներում դեկտեմբերի 20-ից հետո կզարդարվեն տոնածառերը, Ամանորին նվիրված հանդիսություններ կկազմակերպվեն համայնքապետարաններում, ուսումնական հաստատություններում: Ընդ որում, յուրաքանչյուր համայնք հանդես կ գա իրեն հատուկ եւ առանձին ծրագրով՝ համերգների, տոնական երեկոների կազմակերպում, տարվա ընթացքում աչքի ընկած քաղաքացիների խրախուսում: Թերեւս, միանման կլինի հրավառության կազմակերպումը, որը սկսվում է Նոր տարվա առաջին վայրկյանների հետ եւ մարզի երկինքը լուսավորում մի քանի րոպեից մինչեւ կես ժամ շարունակ, բոլոր համայնքներով մեկ:

 

 

Խոսրով Խլղաթյան