Գների աճն այս տարի սկսվեց սովորականից շուտ և ավելի սաստիկ ձև կրեց: Այս մասին Լուրեր.com-ի հետ զրույցում ասաց Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը:

 

Վերջինիս խոսքով՝ իրենք հետևում են գնաճին, սակայն երբ այն հատում է 10-12 տոկոսի սահմանը, արդեն արագ տեմպերի հետ չեն հասցնում շարունակել ուսումնասիրությունը:

 

«Գնաճն անկառավարելի բնույթ է ստացել, և այս բոլորն ունի մեկ պատասխան՝ անվերահսկելի և անկառավարելի վիճակ,- ասաց նա՝ նշելով, որ պատճառներից է նաև Հայաստանի անդամակցությունը Ռուսաստանին: «Դոլարի նկատմամբ ռուբլու անկման պարագայում մենք դարձանք զոհը, ինչին հետևեց դրամի անկումը: Հիմա բանկը փորձեր է կատարում, և մեր դրամի գնողունակությունը մի քիչ վերականգնվեց, բայց այդ մի քիչն ընդհանուր ֆոնի վրա շատ փոքր է»,- ասաց Պողոսյանը՝ հավելելով, որ այս վիճակից օգտվում են անբարեխիղճ մարդիկ պատճառն էլ անվերահսկելի վիճակն է:


Արմեն Պողոսյանը նշեց, որ չնայած նրան, որ ապրանքը Հայաստան ներկրվել է մինչև դոլարի բարձրանալը, բայց շատ տնտեսվարողներ պարզապես օգտվել են առիթից և բարձրացրել գները:


«Մինչև դեկտեմբերի 5-6-ը, մենք արձանագրել ենք 12 տոկոս գնաճ: Եթե դրամը մի քիչ փոխեց իր հարաբերակցությունը դեպի բարձրացում, դա չի ազդի այն իմաստով, որ գները նվազեն, կցանկանայի սխալված լինել, բայց մինչև նոր տարի կշարունակվի գնաճը»,- եզրափակեց նա: