Թուրքիայում արգելել են որևէ հիշատակի արարողություն իրականացնել 1978 թվականի դեկտեմբերի 19-ին Մարաշում ալիևիների նկատմամբ իրականացված կոտորածի առնչությամբ: Մարաշի նահանգապետարանից հայտնել են, որ ալիևիների կոտորածի 36-րդ տարվան նվիրված ցանկացած մամուլի ասուլիս, երթ կամ այլ գործողություն արգելվում է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականը: Նահանգապետարանն այս որոշումը պայմանավորել է օրվա ընթացքում հետագա անցանկալի խնդիրներից և անկարգություններից խուսափելու ցանկությամբ:

 

Թուրքիայում գործող Ալևի բեքթաշիական ֆեդերացիայի նախագահ Ֆևզի Գյումուշի համոզմամբ' նման քայլով իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը ցույց է տվել, որ «անկեղծ չէ անցյալի ցավերի հետ առերեսվելու հարցում»: Նա ընդգծել է, որ ամեն դեպքում իրենք կհավաքվեն Մարաշում դեկտեմբերի 21-ին' «որպեսզի մոռացնելու չտան կոտորածը»:

 

1978 թվականի դեկտեմբերի 19-26-ը թուրք ծայրահեղ ազգայանականները կազմակերպեցին սպանդ ալևիների նկատմամբ, որի արդյունքում, պաշտոնական տվյալներով, զոհվեց 111 մարդ, սակայն ոչ պաշտոնական աղբյուրները խոսում են շուրջ 500 զոհի մասին: Այս օրերին հարյուրավոր մարդիկ վիրավորվեցին: Կողոպտվեց 210 տուն և 70 աշխատավայր: 804 մարդու դեմ դատական գործ հարուցվեց: