Հասարակության շրջանում խուճապն ու ֆինանսական թերի գիտելիքները նպաստեցին, որ դրամ-դոլար սպեկուլյացիան հասնի բարձր մակարդակի, որի արդյունքում մի շարք կազմակերպություններ շահեցին, իսկ բնակչությունը' տուժեց: Նման տեսակետ հայտնեց ՀՀԿ պատգամավոր, ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով ի նախագահ Գագիկ Մինասյանը դեկտեմբերի 19-ին հրավիրված ասուլիսում:

 

«Հասարակության մոտ խուճապի բարձրացումը եւ ֆինանսական շուկային թերի տիրապետումը նաեւ հանգեցրեց այս իրավիճակին»,- «Արմենպրես»-ի փոխանցամամբ' ասաց Գագիկ Մինասյանը' հավելելով, որ Կենտրոնական բանկն այդ օրերինշատ ճիշտ քաղաքականություն է որդեգրել, ինչ վերաբերում է բանկերին' նրանք ամուր են եւ կարողանում են «բռնել» բոլոր սթրես-թեստերը:

 

«Նման իրավիճակներն անխուսափելի են եւ պարբերաբար տեղի են ունեցել: Այն, ինչ կատարվում է Հայաստանում փոխարժեքի տատանման եւ փոփոխման առնչությամբ, հայաստանյան ծագում չունի. դոլարն ուժեղանում է, եւ մնացած բոլոր արժույթների գինն ընկնում է: Բացի այդ, Ռուսաստանում տեղի ունեցող գործընթացները, որոնց հետեւանքով առկա է ռուբլու էական արժեզրկում եւ նավթի գնի կտրուկ նվազում եւ Հայաստանի պես փոքր ու բաց տնտեսություն ունեցող երկրի վրա ֆինանսական փոփոխությունները պետք է ազդեցություն ունենային: Բնական զարգացումներին զուգահեռ կար նաեւ խուճապ, շատ արագ փոփոխվող իրավիճակում մարդիկ սխալ էին կողմնորոշվում, ինչն էլ հանգեցրեց իրավիճակի ավելի սրմանը: Ինչ վերաբերում է ԿԲ-ին, ապա այն շատ ճիշտ վարվեց եւ շատ ճիշտ քաղաքականություն էր որդեգրել»,- ասաց Մինասյանը:

 

Միջազգային շուկայում դոլարի արժեւորումը նպաստել էր Հայաստանում դրամի անկմանը, ինչի հետեւանքով բանկերում եւ փոխանակման կետերում դոլարի գինը բարձրացել էր մինչեւ 580 դրամ: Դեկտեմբերի 18-ից դրամն արժեւորվում է եւ այս պահին բանկերում եւ փոխանակման կետերում մեկ դոլար կարելի է գնել միջինում 464 դրամով: Բանկերը եվրոն գնում են միջինում 531.22 դրամով և վաճառում' 582.81 դրամով: Եվրոյի համար նվազագույն գինը 554 դրամ է, իսկ առավելագույնը' 605 դրամ:

 

Երեկվա համեմատ 0.47 դրամով բարձրացել է ռուբլու փոխարժեքը: Բանկերը ռուբլին առնում են միջինում 7.04 դրամով և վաճառում' 8.21 դրամով: