ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը դեկտեմբերի 19-ին խորհրդարանում ընդունել է Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Ռիչարդ Չառնեցկիի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրին' Գալուստ Սահակյանը նշել է, որ Եվրոպական միությունը եղել և շարունակում է մնալ Հայաստանի կարևոր գործընկերներից:

 

ԵՄ-ի հետ Հայաստանի համագործակցությունը հիմնվում է առաջին հերթին ընդհանուր արժեքային համակարգի վրա, և Հայաստանը հաստատակամ է Եվրոպական միության հետ հարաբերությունները շարունակաբար խորացնելու և ընդլայնելու հարցում:

 

Ազգային ժողովի նախագահը վստահեցրել է, որ Հայաստանը վճռական է եվրոպացի գործընկերների հետ միասին ընդլայնելու եւ խորացնելու ինստիտուցիոնալ բարեփոխումների գործընթացը' ուղղված ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության շարունակական ամրապնդմանը:

 

Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու որոշման վերաբերյալ Գալուստ Սահակյանը նշել է, որ այն պայմանավորված է աշխարհաքաղաքական իրողություններով եւ բխում է Հայաստանի շահերից: Խորհրդարանաի ղեկավարը հայտնել է նաեւ, որ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի չորրորդ լիագումար նիստը, որը տեղի է ունենալու Հայաստանում, անցկացվելու է ընդունված բոլոր չափանիշներին համապատասխան:

 

Խոսելով Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման մասին՝ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ցավով նշել է, որ Ադրբեջանը շարունակաբար ոչ միայ մերժում է միջազգային կազմակերպությունների նախաձեռնությունները, մասնավորապես, շփման գծից դիպուկահարների հետքաշումը, պատահարների հետաքննման մեխանիզմների ստեղծումը, զինադադարի ռեժիմի ամրապնդմանն ուղղված ջանքերը, այլ հակառակը' իր ռազմատենչ հայտարարություններով եւ գործողություններով խոչընդոտում է ցանկացած նախաձեռնություն:

 

«Խավիարային դիվանագիտությունը դարձել է Ադրբեջանի պետական քաղաքականությունը, կաշառակերության ստոր ճանապարհով այդ երկրի իշխանությունները փորձում են քաղաքակիրթ աշխարհում վերականգնել իրենց վարկաբեկված հեղինակությունը»,- մասնավորապես նշել է Գալուստ Սահակյանը:

 

ԵԽ փոխնախագահին 2015 թվականի ապրիլին հրավիրելով մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին՝ Ազգային ժողովի նախագահը խոսել է նաեւ Թուրքիայի մասին, մասնավորապես, նշելով. «Մի երկիր, որը պատրաստ չէ առերեսվել իր սեփական անցյալի, իր պատմության հետ, ժողովրդավարությունն այնտեղ չի կարող արմատապես հաստատվել»:

 

Գալուստ Սահակյանը երախտագիտություն է հայտնել Եվրոպական խորհրդարանին՝ 1987 թվականին Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւ ընդունելու համար եւ հույս հայտնել, որ 100-րդ տարելիցի նախաշեմին Եվրախորհրդարանը հանդես կգա համապատասխան հայտարարությամբ կամ բանաձեւով:

 

Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Ռիչարդ Չառնեցկին շնորհակալություն է հայտնել բարձր ընդունելության համար: Նա նշել է, որ որպես փոխնախագահ՝ սա իր առաջին այցն է Հայաստանի Հանրապետություն եւ վստահեցրել է, որ այն կլինի շարունակական:

 

Խորհրդարանի փոխնախագահը ցավով է նշել այն հանգամանքը, որ ի տարբերություն հայկական պատվիրակությանը՝ Ադրբեջանը հրաժարվել է մասնակցել Երեւանում կայանալիք Եվրանեսթի նիստին: Ռիչարդ Չառնեցկին վստահեցրել է, որ ԵԽ-ն պատրաստ է շարունակել համագործակցությունը Հայաստանի հետ մի շարք բնագավառներում: