Բոլոր ժամանակներում կարևորվել է հայ կնոջ դերն ու նշանակությունը ինչպես հայկական ընտանիքներում, այնպես էլ հասարակությունում: Ուստի երկրին սպառնացող ցանկացած վտանգի դեպքում մարտական արիությամբ ու զենքի օգտագործման վարպետությամբ փայլել են նաև հայուհիները: Հայուհու նման տեսակին է պատկանում նաև ՀՀ ԵԿՄ «Երիտասարդ երկրապահ» կազմակերպության փոխնախագահ Սոնա Վարդանյանը:

 

Ինչո՞ւ որոշեցիք անդամագրվել «Երիտասարդ երկրապահ» կազմակերպությանը:


Դեռ դպրոցական տարիքից ուսումնասիրելով Հայոց պատմությունը' հուզմունքով ու խորը հիացմունքով ինձ համար բացահայտել եմ կանացի հզոր, վեհ, պարկեշտ, իր ընտանիքի կողքին լինելու հայուհու տեսակը, որոնք թագուհիներ, իշխանուհիներ, նույնիսկ սովորական կենցաղով ապրող էակներ են եղել, բայց ինչպիսի գործերով ու պատմական քայլերով են մարտիրոսվել ու մտել Հայոց պատմություն:

 

Նման կանանց օրինակով որոշեցի լինել նորանկախ Հայաստանի այն մարտիկների կողքին, ովքեր կամովին պատրաստ են թեկուզ կյանքի գնով, իրենց անձնուրացությամբ ազատագրել մեր պատմական հողերը:

 

Իսկ դուք պատրա՞ստ եք գնալ պատերազմի:

 

Իհարկե, մեզանից յուրաքանչյուրը առանց տարիքային կամ սեռային սահմանափակման ու տարբերության, տիրապետում է զենքին և մասնակցում հրաձգության և մարտական պատրաստվածության դասընթացներին:

 

Ձեր ընտանիքի անդամները դեմ չե՞ն, որ դուք ընտրել եք աղջիկներին ոչ այնքան բնորոշ ուղի:


Երբե՛ք: Նրանք միայն ուրախ են ու հպարտ իմ որոշման և ազգիս ծառայելուն ուղղված իմ գաղափարների համար: Երկրապահ եմ՝ հպարտ եմ...

 

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 21-ին ՀՀ կառավարության նիստերի դահլիճում կկայանա «Երիտասարդ երկրապահ» կազմակերպության 10-ամյակին նվիրված հոբելյանական 5-րդ համագումարը, որի կապակցությամբ մաղթում ենք բազում հաջողություններ և հավերժ հաղթական ուղի: