Հայաստանում դեղորայքի թանկացումը դրամի արժեզրկման հետևանք էր, հետևաբար, փոխարժեքի կայունացումից հետո գները կկարգավորվեն: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը' խոսելով դեղերի շուկայում գնաճի վերաբերյալ: «Դեղերի գների աճը կապված է տարադրամի փոխարժեքի փոփոխման հետ:

 

Մեր ձեռնարկած մշտադիտարկումների արդյունքում, որին մասնակցում էին նաև Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի ներկայացուցիչները, պարզվեց, որ դեղատներում գները բարձրացել են 10-20 տոկոսով: Այն դեղատները հանդեպ, որոնք անհիմն են բարձրացրել գները, կլինեն համապատասխան վարույթներ»,- վստահեցրեց նախարարը:

 

«Արմենպրես»-ի հարցին ի պատասխան' Արմեն Մուրադյանը նշեց, որ վերջին երեք օրվա ընթացքում փոփոխությունները կրել են ոչ համակարգված բնույթ: «Այսօր արդեն գները կայունանում են, և սպառողները խնդիրներ չեն ունենա: Մենք բանակցություններ ենք վարել երեք հիմնական խոշոր ներկրողի հետ, որ գները հնարավորինս լինեն զսպված' հաշվի առնելով նաև սոցիալական պատասխանատվության և տնտեսական մրցակցության հարցերը»,- հայտնեց նախարարը:

 

Մինչ ճեպազրույցը լրագրողները ոլորտի վերահսկիչ մամինների ներկայացուցիչների հետ շրջայց էին կատարել դեղատներում և ծանոթացել տիրող իրավիճակին: Դեղատների ներկայացուցիչները նշում էին, որ ստիպված են բարձրացնել գները, քանի որ ներմուծման ժամանակ ավելի շատ են վճարում: Թեև մուտքի գները չեն փոփոխվել, սակայն մաքսազերծման ժամանակ ներմուծողները վճարում են ավելի շատ' հաշվի առնելով դրամի արժեզրկումը:

 

Լրագրողներ հետ զրույցում Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի տնօրեն Հակոբ Թոփչյանը վստահեցրել էր, որ գները հսկողության ներքո են, և դրամի կարգավորման հետ միաժամանակ կկարգավորվեն նաև դեամիջոցներ գները: