Երևանի կենդանաբանական այգին վերակառուցման կենթարկվի: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը: Նրա խոսքով՝ այգու վերակառուցման վրա կծախսվի 300 միլիոն դրամ:

 

«Մշակվել է այգու փոփոխությունների մեծ նախագիծ. կիրականացվի մուտքի վերակառուցում, նոր զոոկլինիկայի ստեղծում, որը կսպասարկի ամբողջ այգին: Դրանից հետո այգու ներսի հատվածների, ինչպես նաև կվերակառուցվեն տոմսարկղերը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Կամո Արեյանը:

 

Նրա խոսքով՝ վերակառուցման շնորհիվ այգում թարմություն կմտցվի: «Փորձում ենք մաս-մաս թարմացնել այգին և ավելի մատչելի դարձնել մարդկանց համար: Բացի այդ, փոքրիկ զբոսայգի է ձևավորվելու երեխաների համար»,- նշեց Արեյանը:

 

Երևանի կենդանաբանական այգու ստեղծման գաղափարն իրականություն է դարձել 1940-ին' Հայաստանի Գերագույն Խորհրդի որոշմամբ: Սկզբնական շրջանում կենդանաբանական այգում միայն 2 տասնյակ կենդանիներ ու թռչուններ էին, որոնք ձեռք էին բերվել Երևանում անցկացվող 12-րդ պետական կենդանաբանական ցուցահանդեսում: